News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արդշինինվեստբանկի եւ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջեւ ստորագրվել է 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում հիփոթեքային վարկավորման համար լրացուցիչ միջոցների տրամադրմանը: Բանկը նշված վարկային միջոցները ներգրավելու է առաջիկա 6 ամիսների ընթացքում։ Ցանկացողներին կտրամադրվի առավելագույնը 200 հազար դոլար սահմանաչափով մատչելի եւ երկարաժամկետ բնակարանային հիփոթեքային վարկեր:

«Բնակարանաշինությունը, որը ժամանակին լուրջ խթան հանդիսացավ Հայաստանի տնտեսական աճի համար, մեծապես տուժել է վերջին ճգնաժամից: Այս առումով բանկային համակարգը նույնպես պատասխանատու է անշարժ գույքի շուկայի եւ հիփոթեքային վարկավորման խթանման համար: ՍԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ Արդշինինվեստբանկը հնարավորություն կունենա ակտիվորեն մեծացնել իր հիփոթեքային վարկերի պորտֆելը»,- նշել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

«Չնայած բնակելի անշարժ գույքի նկատմամբ սպեկուլյատիվ պահանջարկը էապես նվազել է, սակայն ֆունդամենտալ վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռեւս կա պահանջարկ, քանի որ անշարժ գույքի շուկան հնացած է եւ շարունակում է մնալ խիտ բնակեցված. երբեմն 2 ընտանիք ապրում է մեկ փոքր բնակարանում: Կարճաժամկետ եւ բարձր տոկոսադրույքով հիփոթեքային վարկերը հանդիսանում են հիփոթեքային վարկավորման խթանման հիմնական խոչընդոտները: Այս նախագծի միջոցով մենք ցանկանում ենք բարելավել իրավիճակը` տալով լուծումներ մի շարք առկա խնդիրների` մասնավորապես Հայաստանում հիփոթեքային վարկերը դարձնելով առավել մատչելի եւ հասանելի»,- հավելել է Գրիգորյանը:

Նշենք, որ Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում, 6 մասնաճյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ ներկայացուցչություն Փարիզում:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ashib.am կայք կամ զանգահարել 59-04-04 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Հայաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի Ալբանիայի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:

ՍԱԶԲ-ը խթանում է տնտեսական զարգացումը եւ տարածաշրջանային համագործակցությունը`տրամադրելով վարկեր, վարկային գծեր, երաշխիքներ, ինչպես նաեւ իրականացնելով ներդրումներ կապիտալում եւ առեւտրի ֆինանսավորում իր անդամ երկրների պետական եւ մասնավոր հատվածի նախագծերի իրականացման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ