News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ շարունակում է մարտահրավեր լինել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի համար: Այդ մասին այսօր` հունիսի 26-ին, Ավստրիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք չենք տեսնում ղարաբաղյան հակամարտության լուծման այլընտրանք, բացի խաղաղ կարգավորումից` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ընգծել է Հայաստանի նախագահը, հավելելով, որ, ցավոք, Ադրբեջանի քաղաքականությունը, վերջին շրջանում ռազմատենչ հայտարարությունները եւ անհիմն ինքնավստահությունը լարվածություն են ստեղծում ինչպես Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում, այնպես էլ հայ- ադրբեջանական սահմանին: Եվ պատահական չէ, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սադրանքների արդյունքում զոհվել են երիտասարդներ, իսկ իրավիճակը լարվել է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ մի քանի օր առաջ մեքսիկական Լոս- Կաբոս քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները կոչ են արել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ընդգծելով, որ հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականության սկզբունք:

«Մենք պատրաստ ենք առաջ ընթանալ այդ սկզբունքների հիման վրա, եւ որքան շուտ կարգավորվի հարցը, այնքան մենք ավելի ուրախ կլինենք: Հարցի շուտափույթ լուծումը բխում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների շահերից: Որոնք են խոչընդոտող պատճառները: Կարծում եմ, որ վերջին ամիսներին միջազգային հանրությունը կարողացել է դրանում համոզվել»,- նշել է նախագահը, հավելելով, որ դա Ադրբեջանի որդեգրած մաքսիմալիստական քաղաքականությունն է:

«Խոսքով համաձայնելով այդ երեք սկզբունքներին, իրականում Ադրբեջանն ընդունում է դրանցից միայն մեկը` տարածքային ամբողջականության սկզբունքը, բացառելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ հակամարտությունների խաղաղ լուծումը»,- նշել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ երբ կողմերն իրականում կարողանան ընդունել այդ բոլոր սկզբունքները, այդ ժամանակ էլ հակամարտությունը կկարգավորվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ