News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր սիրիահայ համայնքի գոյությունը լուրջ վտանգի տակ է, անկանխատեսելի է, թե ինչ զարգացումներ կլինեն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարագավաճ հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը:

«Երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդեն ընդունեց, որ երկիրը պատերազմական վիճակում է: Խոսքը բնականաբար քաղաքացիական պատերազմի մասին է: Հաշվի առնելով Սիրիայի էթնիկ եւ կրոնադավանական կառուցվածքը, ինչպես նաեւ ուժերի դասավորությունը այս պահին, շատ լուրջ վտանգ կա, որ այնտեղ իրոք լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվի: Սիրիայում այսօր մոտ 60 հազար հայ է ապրում, որից 45 հազարը՝ Հալեպում: Հալեպի հայ համայնքը «մայր համայնք» է կոչվում, որովհետեւ Ցեղասպանությունից հետո կազմավորված առաջին համայնքն է եղել, որտեղից հետագայում ճյուղավորվել են տարբեր այլ համայնքներ Մերձավոր Արեւելքում եւ այլուր: Առաջին օրվանից համայնքը ոչ միայն գոյատեւել է, այլեւ բարգավաճել եւ դարձել Սփյուռքի ամենակենսունակ եւ հյուրընկալ հայկական կենտրոններից մեկը: Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սիրիահայերը, հատկապես՝ Հալեպի համայնքը, միշտ եղել են առաջատար դիրքերում: Այսօր սիրիահայ համայնքի գոյությունը լուրջ վտանգի տակ է: Անկանխատեսելի է, թե ինչ զարգացումներ կլինեն:Թե՛ խորհրդային շրջանում, թե՛ հատկապես Հայաստանի անկախությունից հետո հայաստանցի պաշտոնյաների, մտավորականների, գեղարվեստական խմբերի եւ առեւտրականների այցելության ամենասիրված, հաճելի եւ շահավետ վայրերից մեկն է եղել Հալեպը: Լինելով հալեպցի՝ ես բնականաբար կապի մեջ եմ այնտեղի ընկերներիս եւ հարազատներիս հետ: Երեկ մի զրույցի ընթացքում իմացա, որ վերջին առնվազն ութ ամիսների ընթացքում Հայաստանից որեւէ պաշտոնյա չի այցելել Հալեպ կամ Սիրիա: Մի խոսքով՝ համայնքը թողնված է սեփական հույսին: Հալեպի միությունները, կազմակերպությունները, համայնքն ընդհանրապես իրենց թիկունքում չեն զգում հայրենի պետության զորակցությունը:

Ես կարծում եմ, որ թեկուզ ուշացումով, բայց այս թերացումը պետք է շատ արագ ուղղել, քանի որ իրավիճակն օրեցօր բարդանում է, եւ համայնքը չգիտի՝ իրեն ինչ է սպասում: Պաշտոնական Երեւանը մի քանի անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի:

Նախ, Անվտանգության խորհրդի նիստ պետք է հրավիրի եւ կողմնորոշվի, թե զարգացումների ինչ սցենարներ կարող են լինել եւ դրանցից յուրաքանչյուրի դեպքում ինչ աջակցություն կարելի է տրամադրել Սիրիայի հայ համայնքին:

Երկրորդ, առանց որեւէ հրապարակայնության՝ նախագահի կողմից լիազորված անձ պետք է մեկնի Հալեպ, համախմբի այնտեղ գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին, կրոնական հարանվանությունների առաջնորդներին, լսի նրանց, որի արդյունքում համատեղ ծրագիր պետք է մշակվի ոչ ցանկալի զարգացումների դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու եւ համայնքի վնասները նվազագույնի հասցնելու համար: Հայաստանի պետությունն իրավունք չունի հապաղել»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ