News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ստամբուլում հունիսի 26-ին տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը, որին նախորդել են ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից: Գագաթաժողովին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր եւ ելույթով հանդես է եկել  Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Իր ելույթում նախարարի տեղակալը ընդգծել է անցած 20 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում համագործակցության նվաճումներն ու առաջընթացը, մասնավորապես՝ ՍԾՏՀ նոր տնտեսական օրակարգի ընդունման փաստը: Նա անդրադարձել է  նաեւ միջազգային ասպարեզում կազմակերպության դերի եւ հեղինակության բարձրացման, ինչպես նաեւ միջազգային համագործակցության  ժամանակակից պահանջներին կազմակերպության համապատասխանեցման անհրաժեշտությանը: Նշվել է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության առավել ակտիվ ներգրավվածության եւ երկրի հեղինակության բարձրացման հանգամանքը:

Ի պատասխան գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթում Հայաստանին հասցեագրված անհիմն մեղադրանքների, Աշոտ Հովակիմյանը նշել է . «Համաձայն ՍԾՏՀ հիմնարար փաստաթղթերի, այն պետք է մնա տնտեսական մանդատի եւ օրակարգի սահմաններում եւ չի կարող դառնալ քաղաքական քննարկումների ու մեղադրանքների ասպարեզ: ՍԾՏՀ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման տեղը չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների միակ համաձայնեցված միջնորդական ձեւաչափը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»: Գագաթաժողովն ընդունել է ՍԾՏՀ  հոբելյանական հռչակագիրը եւ ՍԾՏՀ կազմակերպության նոր տնտեսական օրակարգի վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթը: Հունիսի 25-ին Աշոտ Հովակիմյանի  գլխավորած պատվիրակությանն ընդունել է Թուրքիայի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպ. Աթեշյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ