News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2012թ. Սիրիայից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը կտրուկ ավելացել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հավելելով, որ վերջին տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-մայիսին շուրջ 2700 սիրիահայ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Նրա խոսքով, Սփյուռքի նախարարությունը պարբերաբար հավաքում է տեղեկություններ համայնքում տիրող իրավիճակի մասին, կապի մեջ է Սիրայում հայ դիվանագետների, համայնքային եւ հոգեւոր կառույցների ներկայացուցիչների հետ:

Հարցին, թե Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ կապված ի՞նչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունը, Հ. Հակոբյանը պատասխանել է, որ ՀՀ պետական կառույցներն իրենց ամենօրյա գործունեության ընթացքում ուշադրության կետրոնում են պահում այս խնդիրը:

«Հասկանալի է, որ մեր աշխատանքների մի մասը նաեւ հրապարակային բնույթ չի կրում, իսկ թերթերում կոչերով դիմողներին, մանավանդ այս հարցը քաղաքան նպատակներով շահարկողներին ասենք, որ մենք այդ հարցերին վաղուց անդրադարձել ենք: Պետք է հաշվի առնել, որ ստեղծված ծանր իրավիճակում մարդիկ կանգնել են երկընտրանքի առաջ: Նրանք ծնվել եւ տասնյակ տարիների ապրել են այդ երկրում, ունեն տուն, ունեցվածք, բարեկամներ եւ բիզնես, եւ այսօր ծանր ու թեթեւ են անում՝ ամեն ինչ նորից սկսելու համար:

Ինչպես հայտնի է, ՀՀ դեսպանությունը Դամասկոսում եւ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Հալեպում շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, ամեն օր զբաղվում են սիրիահայերի խնդիրներով եւ ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները՝ նրանց օգնություն տրամադրելու համար:

«Այսօր ոչ մեծ թվով սիրիահայեր են, որ եկել են Հայաստան եւ փորձում են հաստատվել հայրենիքում, եւ մենք, մյուս գերատեսչությունների հետ սերտ համագործակցված, օգնում ենք նրանց ինտեգրվելու հայաստանյան իրականությանը»,- ասել է նախարարը:

«Հանդիպել ենք նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ պարոն Դամյու Դեսալեյնեի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել Սիրիայից փախստականների առկայության դեպքում ձեռնարկել միջոցներ` աջակցելու նրանց՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Սիրիահայերի կողմից Հայաստանում բնակվելու ցանկության դեպքում կառավարության  համապատասխան կառույցները պատրաստ են օժանդակելու նրանց Հայստանում հաստատվելու համար»,-ընդգծել է նա:

Նշենք, որ ըստ Սփյուռքի նախարարության տվյալների, Սիրիայում բնակվում է շուրջ 60 հազար հայ, հիմնականում Հալեպում, Կամըշլիում, Դամասկոսում, Լաթաքիայում, Քեսաբում, Տարտուսում: Հալեպի հայ համայնքը համարվում է մայր գաղութ, այնտեղ գործում են հայկական ավանդական կուսակցությունները, ՀԲԸՄ-ն, ՀՕՄ-ը, ՀՄԸՄ-ն, հայ եկեղեցու թեմերը, բազմաթիվ կազմակերպություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ