News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանի վերջին օրվա` հունիսի 29-ի, օրակարգում էր Վեհաժողովի կողմից դիտարկման արդյունքների տարեկան զեկույցը, որը ներառում է 2011թ. հունիսից մինչեւ 2012թ.-ի մայիս ընկած ժամանակահատվածը:

Վերջինի հիման վրա ԵԽԽՎ-ի քննարկմանն ու ընդունմանն է ներկայացրել Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող, ԵԺԿ-ի ներկայացուցիչ, էստոնացի պատվիրակ Անդրես Հերկելի հեղինակած «Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացի առաջընթացը» բանաձեւի նախագիծը:

Բանաձեւում անդրադարձել են նաեւ Հայաստանին: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «2008-ի մարտի դեպքերի հետ կապված ձերբակալված անձանց ազատ արձակումը եւ այդ իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած սպանությունների հետաքննության թարմացումը, ինչպես նաեւ գործող կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ կառուցողական քաղաքական երկխոսության սկիզբը դրական զարգացումներ են ստեղծում հաշվետու ժամանակաշրջանի համար»:

Նշվում է նաեւ, որ «2008-ի մարտյան ողբերգական դեպքերը եւ դրանց հետեւանքները հարուցել են ակնհայտ առաջնահերթություններ երկրում ժողովրդավարական զարգացումների համար: Այս առաջնահերթությունները ներառում են իրապես ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը ժողովրդավարական չափանիշների համաձայն, ժողովրդավարական քաղաքական միջավայրի ստեղծումը` բազմակարծիք լրատվական միջավայրի, քաղաքական եւ արդարադատության համակարգի բարեփոխումների, դրանց անկախությունը երաշխավորելու օգտին»:«Մինչեւ խորհրդարանական ընտրությունները քաղաքական միջավայրը  բարելավվել է, եւ ընդդիմությունը դարձել է բավականին լավ կազմակերպված ու կենսունակ քաղաքական ուժ:

Նաեւ հաշվի առնելով կառավարող կոալիցիայում քաղաքական տարբերությունները` ընտրությունները տեղի են ունեցել իրապես մրցակցային միջավայրում:  Ինչ վերաբերում է ոստիկանական եւ դատական բարեփոխումներին, իրենց վերջին այցի ընթացքում զեկուցողները նշել են իրենց բավարարվածությունը իշխանությունների կողմից ձեռնարկված  մի շարք միջոցառումների առումով` Վեհաժողովի հանձնարարականների իրագործման լույսի ներքո: Մասնավորապես, իշխանությունների հայտարարությունը, որ ոստիկանությունում կստեղծվի բողոքների քննման անկախ մեխանիզմ, Վեհաժողովի հանձնարարականի համաձայն, ինչը ողջունվել է: Ինչեւէ, ինչպես վստահեցրել է արդարադատության նախարարը, միայն այս բարեփոխումները  բավարար չեն դատարանների անկախության ապահովման եւ կոռուպցիայի վերացման համար: Դրա համար անհրաժեշտ է մենթալիտետի փոփոխություն: Հույս կա, որ նոր երիտասարդ եւ ավելի կիրթ դատավորների սերունդը կբերի մենթալիտետի նման փոփոխության»,-նշված է բանաձեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ