News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի ենթարկվող կանանց եւ աղջիկների համար, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց հարկադիր աշխատանքի համար: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության թրաֆիքինգի մասին զեկույցում:

Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում, մասնավորապես, նշվում է. «Հայ կանայք եւ աղջիկները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում Միացյալ արաբական էմիրություններում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ երկրի ներսում: Հայ կանայք եւ տղամարդիկ հարկադիր աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվում Ռուսաստանում, իսկ հայ տղաները աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվել երկրի ներսում: Հասարակական կազմակերպություններից մեկի հաղորդմամբ աշխատանքային միգրանտների շրջանում նկատվում է մի նոր միտում, երբ երեխաներին հանում են դպրոցից եւ տանում արտասահման, որպեսզի օգնեն իրենց. այս երեխաները խոցելի են հարկադիր աշխատանքի առումով:

ՀՀ կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն զգալի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ: 2011թ-ին իշխանությունները նախորդ տարվա համեմատ դատապարտել են ավելի մեծ թվով թրաֆիքինգ իրականացնողների, շարունակել են հարյուրավոր պաշտոնյաների ուսուցումը` գործակցելով հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ, եւ հզորացրել են թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված հանրային իրազեկման աշխատանքները: Տարվա ընթացքում կառավարության կողմից բացահայտված զոհերի թիվը շարունակել է նվազել:

Առաջարկներ Հայաստանին.

մեծացնել ջանքերը հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման եւ աշխատանքային թրաֆիքինգի գործերով քննությունների ու քրեական հետապնդման մասով. շարունակել բարելավել գործընկերությունը հասարակական կազմակերպությունների հետ, որը թույլ կտա, որպեսզի վերջիններս կանոնավոր կերպով աջակցեն իրավապահներին զոհերի նույնականացման հարցերում. շարունակել ուսուցանել իրավապահներին ու աշխատանքային տեսուչներին` աշխատանքային թրաֆիքինգն ու աշխատանքային իրավախախտումները տարբերելու վերաբերյալ. շարունակել ու ավելացնել զոհերին աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման տրամադրումը եւ ապահովել հակաթրաֆիքինգային ծրագրերին ու զոհերի աջակցությանն ուղղվող միջոցների ամբողջական իրացումը նախանշված ծրագրերով. բարելավել թրաֆիքինգ իրականացնողների դեմ հարուցված գործերում որպես վկա հանդես գալու համաձայնություն տված վկաների պաշտպանությանն ուղղված ջանքերը, այդ թվում նաեւ ձեւավորելով փոխհատուցման մեխանիզմներ թրաֆիքինգի զոհերի համար. կանոնակարգել ու ուսուցում ապահովել տեղական զբաղվածության ծառայությունների համար, որպեսզի նրանք կարողանան օգնել կանխել Հայաստանի քաղաքացիների հարկադիր աշխատանքը արտասահմանում.ապահովել ծառայությունների եւ պաշտպանության հասանելիությունը այն զոհերին, որոնք անկարող են աջակցել քրեական հետապնդումներին. շարունակել ապահովել, որը զոհերին տրամադրվի օրենքով սահմանված աջակցություն. բարելավել աշխատող երեխաների շրջանում հարկադիր աշխատանքի զոհերի բացահայտմանն ուղղված ջանքերը. եւ իրազեկվածությանն ուղղված արշավները հասցնել գյուղական ու սահմանամերձ համայնքներ:

Քրեական հետապնդում

Զեկույցի ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների կողմից թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված իրավապահ ոլորտի աշխատանքներում գրանցվել է առաջընթաց: Հայաստանի քրեական օրենսգրքի 132 եւ 132-2 հոդվածներով արգելվում է մարդկանց թրաֆիքինգը թե հարկադիր աշխատանքի, թե կոմերցիոն սեռական շահագործման նպատակով եւ դրա համար նախատեսվում է 5-ից 15 տարվա ազատազրկում, ինչը բավարար խիստ եւ համարժեք պատիժ է այնպիսի ծանր հանցանքների համար, ինչպիսին է բռնաբարությունը: 2011թ. իշխանությունները հետաքննել են սեռական թրաֆիքինգի 16 եւ աշխատանքային թրաֆիքինգի մեկ գործ (2010թ. քննվել է սեռական թրաֆիքինգի 15 գործ, իսկ աշխատանքային թրաֆիքինգի գործ չի եղել): 2011թ. ընթացքում Հայաստանի իշխանությունները սեռական թրաֆիքինգի մեղադրանքով ներկայացրել են 8 նոր գործ ընդդեմ 15 անձի, իսկ աշխատանքային թրաֆիքինգի մեղադրանքով գործեր չեն եղել (2010թ. 6 անձի դեմ է ներկայացվել նոր մեղադրանք սեռական թրաֆիքինգի մասով, իսկ աշխատանքային թրաֆիքինգի մասով նոր գործեր չեն եղել): Տարվա ընթացքում իշխանությունները շարունակել են քննել է նաեւ նախորդ տարիների ընթացքում հարուցված գործեր ընդդեմ 11 մեղադրյալների, որոնցից 9-ին սեռական թրաֆիքինգի մեղադրանք է ներկայացվել, իսկ 2-ին` աշխատանքային թրաֆիքինգի: 2011թ. թրաֆիքինգի իրականացման համար դատապարտվել է 13 անձ, որից 11-ը` սեռական թրաֆիքինգի, իսկ 2-ը` աշխատանքային թրաֆիքինգի համար` արձանագրելով դատապարտումների թվի ավելացում 2010թ. 5 դատապարտման համեմատ: 2011թ. դատապարտված 13 անձանց նշանակվել է 4-ից 9 տարվա ազատազրկում:

Հայաստանի իրավապահ մարմինների 2010թ.դիմումի հիման վրա 2011թ. սեպտեմբերին Թուրքիայից էքստրադիցիայի ենթարկվեց թրաֆիքինգի 3 իրականացման մեջ կասկածվող մի հայ. Ստամբուլից Երեւան թրաֆիքինգի մեջ կասկածվող այդ անձին ուղեկցեցին հայ իրավապահները: Հայաստանի իշխանություններ պահպանել են գործընկերությունը  հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա կառավարությունների հետ` իրականացնելու հակաթրաֆիքինգային ուսուցում հարյուրավոր պաշտոնյաների, այդ թվում` դատախազների, ոստիկանների, սահմանապահների, դատական համակարգի ներկայացուցիչների եւ աշխատանքային տեսուչների համար: Մարդկանց թրաֆիքինգի մասին ուսուցումը շարունակում է ընդգրկված մնալ բոլոր իրավապահ մարմինների ուսումնական կառույցների կրթակարգում: Թրաֆիքինգում պետական պաշտոնյաների հանցակցության մասին հաղորդումներ 2011թ. չեն եղել:

Պաշտպանություն Զեկույցի ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները որոշ առաջընթաց են ցուցաբերել թրաֆիքինգի զոհերի բացահայտմանն ու պաշտպանությանն առնչվող հարցերում: Կառավարության կողմից 2011թ. ընթացքում պաշտոնապես նույնականացվել են թրաֆիքինգի 13 նոր զոհ, որոնցից երկուսը եղել են աշխատանքային թրաֆիքինգի զոհ, ընդ որում` բոլորը կանայք. նրանց բոլորին առաջարկվել է աջակցություն, այդ թվում ուղղորդում հասարակական կազմակերպությունների ապաստարաններ: 2010թ. բացահայտվել էր 19 զոհ:

Կառավարությունը շարունակել է տրամադրել 17,000 ԱՄՆ դոլարի չափով

ֆինանսավորում հասարակական կազմակերպության կողմից գործարկվող թրաֆիքինգի զոհերի ապաստարանին, որտեղ 2011թ. ընթացքում պատսպարվել են թրաֆիքինգի 31 կին-զոհեր: Ապաստարանում զոհերը հարկադրաբար չեն պահվել: Թեեւ թրաֆիքինգի զոհերը կարող էին աշխատանք գտնելու հարցում լրացուցիչ աջակցություն ստանալ, սակայն հաշվետու ժամանակահատվածում զոհերից ոչ մեկը նման աջակցություն չի խնդրել: Գործնականում, դատավորները մերժել են սեռական թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման քաղաքացիական հայցերը, քանի որ զոհերը չեն կարողացել փաստացիորեն հիմնավորել իրենց կրած ֆինանսական վնասի չափը:

Իրավապահները խրախուսել են թրաֆիքինգի զոհերին համագործակցել քննության եւ քրեական հետապնդման գործընթացներում: Զոհերի փաստաբանների կամ հասարակական կազմակերպությունների խնդրանքով իրավապահներն առանձին դեպքերում ապահովել են զոհերի անվտանգությունը դատական լսումների ժամանակահատվածում: 2011թ. բոլոր զոհերը կամավոր աջակցել են ոստիկանությանը թրաֆիքինգի գործերի քննության հարցում: Շարունակում է մտահոգիչ մնալ դատարանում ցուցմունք տվող զոհերի համար պաշտպանության համարժեք միջոցների  բացակայությունը: Իշխանությունները թրաֆիքինգի զոհերին չեն պատժել` ուղղակիորեն թրաֆիքինգի ենթարկվելու հետեւանքով գործած հանցանքների համար: Իշխանությունները թույլատրել են օտարերկրացի զոհերին մնալ երկրում ժամանակավոր կացության թույլտվությամբ եւ ժամանակավորապես աշխատել, սակայն հաշվետու ժամանակահատվածում օտարերկրացի զոհեր չեն բացահայտվել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը երկու նոր հաստիք է բացել Ընտանիքի եւ երեխաների հարցերով վարչության կազմում` առավել բարելավելու թրաֆիքինգի զոհերին ցուցաբերվող աջակցությունը:

Կանխարգելում

Զեկույցի ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված գործուն ջանքեր: Ամբողջապես իրացվել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ հանրային իրազեկման համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարության բյուջեներով նախատեսված 23,000 ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորումը: Իրազեկմանն ուղղված աշխատանքներից շատերը ընդգրկել են հակաթրաֆիքինգային սոցիալական գովազդի, ինչպես նաեւ այլ հաղորդումների հեռարձակում ազգային ու տեղական  հեռուստաընկերությունների եթերից` հիմնական եթերաժամերի ընթացքում: Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել տարբեր պետական կառույցների կողմից: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական խորհուրդը եւ միջգերատեսչական աշխատանքային խումբը շարունակել են կանոնավոր նիստեր գումարել ու համակարգել թրաֆիքինգի դեմ պայքարի 2010-12թթ. գործողությունների ծրագրի իրականացումը` համագործակցելով հասարակական կազմակերպությունների ու միջազգային կառույցների հետ. սկսվել են նաեւ աշխատանքները 2013-15թթ. գործողությունների ծրագրի ուղղությամբ: Հաշվետու ժամանակահատվածում կառավարությունը կանոնավոր կերպով հաշվետվություններ է հրապարակել թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Տարվա ընթացքում իշխանությունները քայլեր են ձեռնարկել երեխաների չգրանցված ծնունդները բացահայտելու ու հաշվառելու ուղղությամբ: Կոմերցիոն սեքսի պահանջարկի նվազեցման նպատակով իշխանությունները հրապարակայնացրել են մարմնավաճառության դեմ պայքարի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Իշխանությունները հակաթրաֆիքինգային ուսուցում են անցկացրել միջազգային խաղաղապահ ուժերի կազմում օտարերկրյա պետություններում ծառայության մեկնող զինծառայողների համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ