News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Էներգախնայողության ծրագրերի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արթուր Կոչնակյանը:

Կարեւորելով հիմնադրամի հետ համագործակցությունը` քաղաքապետը ընդգծել է վերջին երկու տարիների ընթացքում էներգախնայողության նպատակով մայրաքաղաքի որոշ դպրոցներում, ինչպես նաեւ անապահով ընտանիքների համար բնակարանների գազիֆիկացման աշխատանքների տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված ծրագրերը:

«Ողջունելի են բոլոր այն ծրագրերն ու գաղափարները, որոնք  ուղղված են քաղաքային տնտեսության զարգացմանն ու բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ու պատրաստակամ ենք քննարկելու բոլոր այն առաջարկները, որոնք կնպաստեն մեր քաղաքի ու մեր բնակիչների հարմարավետության ապահովմանը: Այս դեպքում եւս պատրաստ ենք շարունակել փոխշահավետ գործակցությունը` նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- շեշտել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Թամարա Բաբայանը նշել է, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող ծրագրի գլխավոր նպատակը էներգախնայողության ապահովումն է, ինչն իր հերթին բերում է նաեւ ֆինանսների արդյունավետ կառավարման:

«Հատկապես վերջին ամիսների ընթացքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ակներեւ է բոլոր երեւանցիների համար, ինչը մեկ անգամ եւս ապացուցում է, որ ֆինանսների արդյունավետ տնօրինումը հնարավորություն կտա ավելի ու ավելի տեսանելի եւ առարկայական փոփոխություններ կատարել Երեւանում: Այս տեսանկյունից, պարոն քաղաքապետ, կարծում եմ կհամաձայնեք, որ էներգախնայողության ծրագիրն իսկապես անհրաժեշտ եւ կարեւոր է: Կարող եմ վստահեցնել, որ մենք շահագրգիռ ենք շարունակելու Ձեզ հետ համագործակցությունը»,-նշել է Թամարա Բաբայանը` հավելելով, որ հիմնադրամը պատրաստակամ է հնարավորին սեղմ ժամկետներում նախաձեռնել փոխշահավետ ծրագրերի իրականացման աշխատանքները:

ՀԲ ներկայացուցիչն իր հերթին հավելել է, որ միջազգային ֆինանսական կառույցը եւս պատրաստակամ է ընդլայնել Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը:

Տարոն Մարգարյանը առաջարկել է քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղղություններն ու ըստ այդմ նախապատրաստել առաջարկների փաթեթ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ էնեգախնայողության ծրագրերի շրջանակում հանրային ու պատմամշակութային շենքերի, ինչպես նաեւ այգիների ու պուրակների արտաքին լուսավորության անցկացման շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ