News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի այցից ակզբունքային նոր ոչինչ  սպասել պետք չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը` հավելելով, որ ամենայն հավանականությամբ կկրկնվի այն, ինչ հնչել է նախորդ բարձրաստիճան եվրաչինովնիկների եւ ԱՄՆ պետքարտուղարի կողմից վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։

Հարցին, թե հնարավոր է, որ Արդբեջանն այս անգամ էլ սադրանքներ եւ դիվերսիաներ անի ԼՂՀ ԶՈՒ հետ շփման գծում, Բաղդասարյանը նշեց, թե իհարկե, հավանական են, եւ դրան պիտի պատրաստ լինել։ «Պարզապես այստեղ մի սկզբունքային հանգամանք կա։ Հայկական երկու պետությունների արտաքին քաղաքականությունն՝ ընդհանրապես, եւ սահմանային միջադեպերի հետ կապված վերաբերմունքը՝ մասնավորապես, իրավիճակային եւ անդրադարձային են։ Մենք անընդհատ պատասխանում ենք եւ պարբերաբար հիշեցնում բոլոր սադրանքներին պատասխանելու մեր պատրաստակամության մասին, ինքներս չգիտակցելով, որ դրանով իսկ մենք ուրիշի խաղն ենք խաղում եւ առաջնորդվում ուրիշի սցենարով։ Ըստ այդմ էլ՝ մենք չենք որոշողը իրավիճակի սրման կամ լարվածության թուլացման թե ժամանակը, թե տեղանքը եւ թե տեղեկատվական համապատասխան նախապատրաստությունը։ Թե հակառակորդը եւ թե միջնորդները գիտեն, որ մենք պատասխանելու ենք, այնպես որ ոչ մի անակնկալ չկա այստեղ, ուրեմն՝ դա ինչ-որ մեկին ձեռնտու է, չէ՞»,- ասել է Գեղամ Բաղդասարյանը։

«Պատասխանել, իհարկե, պետք է, սակայն սա այն նվազագույնն է, որ մենք պարտավոր ենք անել։ Հակառակորդի ագրեսիվ գործողությունները կանխելու, իրավիճակի սրացումից խուսափելու կամ դրա ամբողջ պատասխանատվությունը հակառակորդի վրա բարդելու եւ նրա համար ամեն մի նման միջադեպ խնդրահարույց դարձնելու ուրիշ եղանակներ էլ կան։ Եղանակներից մեկը ոչ թե իրավիճակային ու անդրադարձային, այլ ակտիվ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականությունն է բոլոր ուղղություններով, մյուսը Հայաստանում իրական ու արմատական ժողովրդավարական բարեփոխումներն են, որոնք կապահովեն երկրի առաջադեմ ու ժողովրդավարական իմիջը, ինչի նկատմամբ ցանկացած սպառնալիք այլ կերպ կընկալվի միջազգային հանրության կողմից եւ այլ արձագանք կստանա»,- նշել է փորձագետը։

Նա նշել է, թե իր համար բավականին տարօրինակ է այս սպասողական վիճակը, որ ստեղծվում է յուրաքանչյուր բարձրաստիճան չինովնիկի այցելությունից առաջ եւ հետո։ «1988-ին այդպես էր Ստեփանակերտում, երբ ժողովուրդը հավաքվում էր հրապարակում եւ անհամբեր հարցուփորձ անում, թե ինչ է ասել այս կամ այն եվրաչինովնիկը եւ ինչ է լինելու դրանից հետո։ 24 տարի է անցել, բայց մենք դեռ նույն սպասողական վիճակի մեջ ենք։ Մինչդեռ անելիքներ շատ կան։ Ինքներս պետք է միջազգային հանրությանը հեղեղենք նոր գաղափարներով, հետամուտ լինենք դրանց իրականացմանը, որպեսզի ոչ թե մենք նրանցից սպասենք, թե ինչ է լինելու հետո, այլ նրանք գան իմանալու, թե ինչ ենք անելու հետո»,- ասել է Գեղամ Բաղդասարյանն ու հավելել. «Մեր հայացքները պիտի ուղղենք ոչ թե եվրաչինովնիկներին, այլ մեր իշխանություններին։ Հանրային մամլիչով նրանց պիտի մղենք ակտիվ գործողությունների»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ