News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե հարցը դիտարկենք սեռական կյանքի զարթոնքի իմաստով, ապա օրինագիծը, որը ենթադրում Հայաստանում ամուսնության տարիք սահմանել 18 տարեկանը, առողջ մոտեցում է, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, հավելելով. «Այդ տարիքում ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր եւ հոգեբանական ձեւավորումը, այլ կերպ ասած՝ մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար»:

Հարցին, թե ո՞ր տարիքից կարելի է սկսել ապրել սեռական կյանքով, նա պատասխանեց, որ դժվար է պատասխանել այդ հարցին, դա կախված է սեռական դաստիարակության առանձնահատկություններից, ընդհանուր զարգացումից, սեռական հասունության ձեւավորումից, տվյալ հասարակության մեջ գործող ավանդույթներից եւ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից, ինչպես նաեւ շատ ու շատ այլ գործոններից:

«Իսկ սեռական կյանքը մարդու կյանքի, վարքագծի, վերջապես օրգանիզմի կենսագործունեության բաղկացուցիչ մասն է միայն, եւ այն ի զորու է ազդել մարդու եւ՛ ապրելակերպի, եւ՛ սեռական վարքագծի վրա:

Սեռական կյանքի սկիզբը ընկալվում է որպես հասունության որոշակի սահմանագիծ: Շատ երկրներում տղամարդկանց համար այն սկսվում է 17-18 տարեկանում, կանանց համար` 19: Հայ իրականության համար այս թվերը նույնպես ակտուալ են»,-ընդգծեց նա:

Շահրամանյանի ներկայցմամբ, սեռական կյանքի սկզբի շարժառիթները տարբեր են եւ պայմանավորված չեն սիրով ու սեռական պահանջով: «Ինտիմ, մտերմիկ շփման կարիքը, հետաքրքրությունը, զուգընկերոջ թախանձը, հասակակիցների օրինակը, ինտերնետը եւ էրոտիկ բնույթի զանազան հեռուստահաղորդումները` ահա դրանց ոչ լրիվ թվարկումը: Ընդ որում, որքան վաղ է սկսվել սեռական կյանքը, այնքան քիչ է այն սիրով պայմանավորված եղել: Ծնողները հասկանալի պատճառներով իրենց զավակների սեռական կյանքի սկսմանը նայում են բացասաբար այնքանով, որքանով այն վաղ է սկսվում:

Միաժամանակ նրանք պետք է իմանան, որ դա կարող է տեղի ունենալ ավելի վաղ, եթե ընտանիքում այդ առումով թույլ է եղել դրվածքը, եթե դեռահասները ստացել են սեռական սխալ դաստիարակություն»,- իր խոսքն ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ