News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հուլիսի 10-ին մասնակցել են Բաթումիում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջին գագաթաժողովին, որին ներկա են եղել ԵԺԿ ղեկավար Վիլֆրիդ Մարտենսը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, փոխվարչապետ ու եվրոպական ինտեգրման նախարար Գրիգոլ Բարամիձեն, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն:

Գագաթաժողովին անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող  համագործակցությանն ու դրա հեռանկարներին: Քննարկումներ են ընթացել հետեւյալ հարցերի շուրջ. Արեւելյան գործընկերությունը 2011թ. Վարշավայի գագաթաժողովից մինչեւ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողով, ԵԺԿ-ի եւ դրա անդամ հանդիսացող Արեւելյան գործընկերության երկրների կուսակցությունների միջեւ համագործակցության զարգացումը, Արեւելյան գործընկերության քաղաքական հարթության ամրապնդումը, Արեւելյան գործընկերության սեկտորային համագործակցության խթանումը:

Այս հարցերի շուրջ գագաթաժողովին հայկական կողմի տեսակետները ներկայացրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի անունից ընդունվել է համատեղ եզրափակիչ հռչակագիր, որտեղ ներկայացվել է ԵԺԿ եւ գագաթաժողովի մասնակից երկրների տեսլականն Արեւելյան գործընկերության հեռանկարների, ԵԺԿ անդամ կուսակցությունների միջեւ համագործակցության վերաբերյալ:

Հռչակագրում ամրագրվել է, որ այս ձեւաչափով հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա այս տարվա վերջին Երեւանում: 

Նույն օրն առավոտյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին, որի հետ մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության վերաբերյալ:

Գագաթաժողովին նախորդել է նախարարների հանդիպումը, որին մասնակցել են ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Վրաստանի փոխվարչապետ Գրիգոլ Բարամիձեն եւ Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ