News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հուլիսի 11-ին ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը` բանկի փոխնախագահ Եվա Վիտի գլխավորությամբ:

Քննարկվել են բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, որոնք ընդգրկում են էներգետիկ, ջրամատակարարման, ջրամբարաշինության, բնապահպանական, գյուղատնտեսական եւ ֆինանսական ոլորտները: Նշվել է, որ բանկի հետ համագործակցության ընթացքում տարբեր ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 450 մլն եվրո, եւ բանկն ամրապնդում է դիրքերը` որպես Հայաստանի առաջատար գործընկերներից մեկը: Քննարկվել են մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի հետ կապված հարցեր:

Երկուստեք կարեւորվել է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների ամբողջ ծավալով իրականացման խնդիրը: Ա. Գեւորգյանը ողջունել է Կապսի ջրամբարի վերակառուցմանն աջակցելու բանկի պատրաստակամությունը` նշելով, որ ջրամբարների կառուցման հարցն առաջնային է կառավարության համար:

Անդրադարձ է եղել նաեւ «Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ» ծրագրի ընթացքին, որը եւս իրականացվում է բանկի օժանդակությամբ:  Կողմերը հույս են հայտնել, որ ծրագիրը հաջողությամբ կյանքի կկոչվի եւ կնպաստի համայնքի համար կարեւոր նշանակություն ունեցող խնդրի լուծմանը:

Վիտը գոհունակություն է հայտնել Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքից: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում բանկը տարածաշրջանային նոր տնօրեն կունենա եւ վստահություն հայտնեց, որ փոխգործակցության բարձր մակարդակը կպահպանվի: 

Կողմերն անդրադարձել են նաեւ աշնանը կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին եւ կարեւորեցին առաջիկա տարիների համար նախանշված ծրագրերի քննարկումն ու հաստատումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ