News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եթե Վերին Լարսը փակ է, ֆուռերը Հայաստան հասցնելն ավելի ձեռնտու է Տրապիզոնով, քան` Փոթիով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Թուրքիայի տարածքով դեպի հայաստան փոխադրումներ իրականացնող հայկական տրանսպորտային «Մեգատրանս» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների, Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշը հայտարարել է, թե Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել Հայաստանից ուղարկվող եւ Հայաստան առաքվող բեռնափոխադրումները:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ այդ մասին որեւէ տեղեկություն թուրքական կողմն իրենց չի փոխանցել:

Ըստ Ալեքսանյանի, Տրապիզոնից հիմա էլ են բեռներ գալիս Հայաստան, բայց ոչ հայկական ֆուռերով: «Եթե Թուրքիան թույլ տա մեր մեքենաներին աշխատել Թուրքիայում, մենք միանշանակ կշահենք: Չեմ կարող, իհարկե, ասել, թե որքան, քանի որ առանձին գին ըստ հատվածների, մենք չենք հաշվարկում: Բայց որ մենք կշահենք, դա հաստատ կարող եմ ասել»,-նշել է Ալեքսանյանը:

Նրա խոսքով, Տրապիզոնից ֆուռերով փոխադրումներն ավելի էժան կնստեն, քան Փոթիով փոխադրումները: «Տրապիզոնում լաստանավերի գները մի քանի անգամ ցածր են, քան Փոթիում, պայմանով, որ փակ է Վերին լարսը: Այլապես, առավել ձեռնտու է, իհարկե, փոխադրումներն իրականացնել ցամաքով: Բայց երբ Վերին Լարսը փակ է, օրինակ ձմռանը եւ ստիպված ենք օգտվել ծովային ճանապարհից, այդ դեպքում առավել ձեռնտու ճանապարհը Տրապիզոնն է»,-ասել է նա:

«Երթուղին ձեռնտու է ավտոմեքենաներով փոխադրումների համար, բայց առավել մեծ բեռների, օրինակ նավթամթերքների համար այդ ճանապարհը կենսունակ չէ` երկաթուղու բացակայության պատճառով»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր հերթին ասել է «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ