News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Այս պահի դրությամբ, ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը միացել է 18 պատգամավոր: Այս մասին հայտարարվեց ԱԺ-ի մոտ անցկացվող «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ:

Նախաձեռնությանը միացած պատգամավորներն են Հայ ազգային կոնգրես խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը, ԲՀԿ-ից`  Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար վարդանյանը: Նախաձեռնությանը միացող պատգամավորների թիվը ամեն րոպե կարող է ավելանալ:

Իր ստորագրությունը դնելուց հետո ԱԺ շենքից դուրս եկած «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԲՀԿ-ի` քաղաքից բացակայող պատգամավորներին առաջարկում է հանդես գալ նամակով եւ հայտնել, որ այս պահին չեն կարող միանալ, բայց հայտարարում են, որ վերադարձից հետո պատրաստ են միանալ նման նախաձեռնություն լինելու դեպքում կամ էլ կազմակերպել: Նրա բնորոշմամբ` սա քաղաքական որոշում է, քաղաքական ուժի ներքին որոշումն է: Եթե իրադարձություն է տեղի ունենում ԱԺ-ում, հանրապետությունում, ապա դու որպես քաղաքական ուժ, չես կարող կարծիք չունենալ:

Այսօրվա ակցիային մասնակցում էր նաեւ դերասան Աշոտ Ադամյանը: Նա պահանջում է, որ հավաքվի 44 ստորագրություն, որպեսզի հնարավոր լինի անցկացնել ԱԺ արտահերթ նստաշրջան:  «Ես ունեմ երկիր, որի պատասխանատվությունը կրում է իշխանությունը, իշխանությունը կրում է պատասխանատվություն իր գողերի, ավազակների, բարոյականի, անբարոյականի, հանճարի եւ չհանճարի, ապագայի հանդեպ, ուստի համար մեկ պատասխանատուն իշխանությունն է»,- ասաց նա:

Դերասանը կարծում է, որ հաջողության կարելի է հասնել ոչ թե զինված հեղափոխությամբ, այլ պահանջատիրությամբ: «Հարսնաքարի» միջադեպը, դերասանի կարծիքով, երկրում անպաժելիության արդյունք է:

Նշենք, որ ակցիային մասնակցում էին մի քանի տասնյակ քաղաքացիներ: Նրանք «Պահանջում ենք արտահերթ նստաշրջան», «Այս մահի համար պատասխան եք տալու», «Ռուբեն Հայրապետյան` մարդասպան, հետախուզվում է» եւ այլ պաստառներով հավաքվել էին ԱԺ-ի շենքի մոտ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ընթանալու է արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի ստորագրման գործընթացը, ուստի բոլոր քաղաքացիներին նախաձեռնության մասնակիցները կոչ են անում ժ. 13:00-ին մասնակցել ԱԺ-ի մոտ կայանալիք ակցիային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասված է, թե «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» եւ «Ժառանգության»  խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները որոշում ենք այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին  հրավիրել Աժ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»: Ի դեպ, չորս խմբակցությունները միասին ունեն 54 պատգամավոր:

Մանրամասները` քիչ անց տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ