News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ:

Կարգախոսը:

Բազմաթիվ են, հիմնականը` լինել սիրված եւ սիրող:

Բնութագրեք ինքներդ ձեզ:

Հրաժարվում եմ, դա իմ գործառույթը չէ, դա շրջապատի գործառույթն է:

Տանը, աշխատավայրում եւ ինքներդ ձեր հետ:

Չփոփոխվել` կապված համոզմունքների, աշխարհայացքի եւ մտածողության հետ թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ իրավիճակում:

Ամենավատ սովորույթը:

Առանց մտածելու վստահել:

Ամենաշատը ինչի՞ց եք վախենում:

Ստից, բարձրությունից եւ էլեկտրական բաց լարերից:

Ի՞նչ կյանքում երբեք չեք անի:

Դավաճանություն եւ նմանատիպ այլ բաներ:

Խենթ ու խելառ արարքներ:

Ոչ ստանդարտ իրավիճակներ եւ դրանից բխող հետեւանքներ իմ կյանքում շատ են, դրա համար թվարկելը շատ ժամանակ կխլի:

Ամենաուրախ եւ ամենատխուր օրը:

Բազմաթիվ են, ամենաուրախ օրերից մեկի շարքին կարելի է դասել այս հարցազրույցի պահերը, որը, հուսով եմ, չի բերի ամենատխուր ավարտին:

Ամենառոմանտիկ հիշողությունը:

Համակրելի մի աղջկա հետ, որը այն ժամանակվա իմ սիրո ենթակա էակն էր, անցկացրած երեկոն  ՌԴ-ի քաղաքներից մեկի իտալական ռեստորանում:

Ձեր կյանքի կանայք:

Ես կարծում եմ, որ կյանքի կանայք կոչմանն արժանի կանայք պետք է լինեն նվազագույնի հասցված թվով: Կյանքիս կինը դեռ ինձ չի հանդիպել, ցավոք:

Ամենամեծ նվերը, որ ստացել եւ արել եք:

Դեռեւս ամենամեծ նվերը չեմ արել, կփորձեմ անել, իսկ ստանում եմ անընդմեջ` ինձ համար  թանկ մարդկանցից ուրախության ժպիտներ:

Տղամարդկանց սիրտ տանող ճանապարհը ստամոքսով է:

Ոչ մի կերպ համաձայն չեմ:

Մեքենա, խմիչք, մոլախաղեր:

Իրար հետ կապ չունեցող եզրույթներ են: Մեքենան անհրաժեշտություն է` որպես փոխադրամիջոց, իսկ մյուս երկուսը ինձ հետ կապ չունեցող երեւույթ է:

Կյանքը...

Նպատակների եւ երազանքների իրականացման եւ դրանց ձգտելու ու իրագործելու հնարավորություն:

Երազանքներ եւ նպատակներ

Փորձում եմ ապրել հետաքրքիր, ապահովված եւ բարոյական կյանքով, սակայն բացառապես հանրային բարեկեցության ձեւաչափի մեջ:

Եւ վերջում ինքներդ ձեզ մեկ հարց ուղղեք եւ պատասխանեք:

Ես կցանկանայի ինքս ինձ հարցնել, թե որքան երկար կցանկանայի ձեզնից լսել այս հարցերը եւ պատասխանել դրանց, եւ իմ պատասխանն է` «Հավերժ»:

Նշենք, որ 33-ամյա Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ի նորաբնակներից է` երիտասարդ եւ չամուսնացած պատգամավորներից մեկը: Ունի երկու մասնագիտություն, լեզվաբան է եւ իրավաբան: Մի շարք ընկերություններում զբաղեցրել է գլխավոր տնօրենի, գործադիր տնօրենի եւ տնօրենի խորհրդականի պաշտոններ: 2000թ. հիմնադրել է Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը: Այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ:

Տպել
Ամենաշատ