News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  ամփոփել են տարածաշրջան կատարած այցի արդյունքները: Ինչպես տեղեկացնում է Կազմակերպության պաշտոնական կայքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 10-13 տարածաշրջանային այցով եղել են Բաքվում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում: Բաքվում համանախագահները հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդիարովի հետ, Լեռնային Ղարաբաղում` երկրի դե ֆակտո իշխանությունների հետ, իսկ Երեւանում` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հուլիսի 11-ին համանախագահները ոտքով հատել են շփման գիծը: Հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղից ուղեւորվել են Երեւան` անցնելով Քելբաջարի շրջանով: Բոլոր հանդիպումներում համանախագահներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ինչի մասին խոսվում է նաեւ համանախագահող երկրների նախագահների հունիսի 18-ի Լոս Կաբոսի հայտարարության մեջ:

ՄԽ համանախագահները խորապես մտահոգված են  շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ. Նրանք ընդգծել են կողմերի քաղաքական կամքի դրսեւորման անհրաժեշտությունը` խաղաղության հասնելու համար:

Համանախագահները, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման ծրագրին,  կողմերից հավաստիացումներ են ստացել այն մասին, որ քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ բռնություն չի կիրառվի, խնդրին անդրադարձ կկատարվի միայն դիվանագիտական քայլերի տեսքով եւ հարցը չի քաղաքականացվի: Համանախագահները վերահաստատել են, որ օդանավակայանի գործունեությունը չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության եւ կոչ են արել կողմերին իրենց տարածքներում թռիչքներն իրականացնել  միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են առանձին հանդիպումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ` սեպտեմբերին նախարարների հանդիպումը կազմակերպելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ