«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին ընդհանուր առմամբ գոհ է մրցույթի արդյունքներից: Այս մասին հայտարարեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր եւ տնօրեն Հարություն Խաչատրյանը` հուլիսի 15-ին Երեւանում կայացած ամփոփիչ ասուլիսում: «Ես գոհ եմ արդյունքներից: Ոմանք կարող են մեզ հետ համաձայնել, ոմանք` ոչ, սակայն կյանքն այդպիսին է»,- նշեց Խաչատրյանը` շնորհակալություն հայտնելով ժյուրիի անդամներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին` կատարված աշխատանքի համար:
Ժյուրիի նախագահ, իսպանցի ռեժիսոր Վիկտոր Էրիսեն առանձնահտուկ նշեց մրցույթին ներկայացված ֆիլմերի բարձր որակը: «Ափսոս, որ մրցանակներն այդքան քիչ են, թե չէ ավելի շատ ֆիլմերի մրցանակի կարժանացնեինք»,-խոստովանեց նա` ավելացնելով, որ այդպիսի ֆիլմերը ֆինանսական աջակցության եւ առաջխաղացման անհրաժեշտություն ունեն:
«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգի ժյուրիի անդամ Կիրիլ Ռազլոգովի խոսքով, փառատոնի ծրագիրը հետաքրքիր էր, իսկ հինգ հոգանոց ժյուրին ավելի հետաքրիքր էր` յուրաքանչյուրն իր տեսլականով եւ արվեստում իր նախապատվություններով: Սակայն չնայած տարբեր կարծիքներին, ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը միաձայն է ընտրվել: «Մնացած ամեն ինչ, ինչ վերաբերում է ընտրական գործընթացին, հրապարակման ենթակա չէ: Որպես ամփոփում` կարող եմ ասել, որ մենք բոլորս ինչ-որ չափով գոհ էինք արդյունքներից, սակայն մեզնից յուրաքանչյուրն առանձին դժգոհ էր»,-ասաց Ռազլոգովը:
«Փաստագրական ֆիլմ» անվանակարգի ժյուրիի անդամ Ցվետանա Պասկալեւան պատմեց, որ այդ անվանակարգում գլխավոր մրցանակակիրը որոշվել է բուռն քննարկումներից հետո, սակայն գրեթե միաձայն:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկել էր հուլիսի 8-ին: