News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարան նոր ուսումնական տարում 3507 դիմորդներ են ընդունվել, որոնցից 381-ը պետպատվեր, 3126-ը` վճարովի հիմունքներով: Այդ մասին այսօր`հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` նշելով, որ ընդհանուր առմամբ գոհ է քննությունների արդյունքներից:

Նրա խոսքով` ուսանողների թիվը կարող է աննշան փոփոխության ենթարկվել այն բանի հետեւանքով, որ որոշ դիմորդներ պետական բուհերին զուգահեռ փաստաթղթերը հանձնել են նաեւ մասնավոր բուհերում, կամ, ԵՊՀ-ին զուգահեռ, այլ պետական բուհերում, որտեղ մոտ մասնագիտություններ կան:

Հիշեցնելով, որ վճարովի բաժինների ուսանողները չեն օգտվում բանակի տարկետումից, Սիմոնյանը մատնանշել է բուհում հաշվառվելու ուղին. «Այդ ուսանողները ԵՊՀ-ի հետ պայմանագիր կարող են կնքել եւ վճարել ուսման մեկ կիսամյակի դիմաց, որից հետո նրանք համարվում են բուհի ուսանողներ: Բանակից հետո նրանք կարող են սովորել բուհում, իսկ ուսման վարձը կմնա նույնը, եթե նույնիսկ այդ երկու տարվա ընթացքում այն ավելանա կամ նվազի: Եթե բանակից վերադառնալուց հետո ուսանողը չցանկանա սովորել բուհում, ապա գումարը կվերադարձվի,  քանի որ բուհը տվյալ ուսանողին ծառայություններ չի մատուցել»:

Սիմոնյանը նաեւ նշել է, որ այս տարի խնդրահարույց է եղել բնական գիտությունների ֆակուլտետներում ուսանողներ հավաքելը:

«Կենսաբանության, կենսաֆիզիկայի, քիմիայի ֆակուլտետներում ուսանողների քանակի անբավարարությունը կապված է դպրոցներում վատ  ուսումնառության հետ: Տարօրինակ է, բայց ամբողջ աշխարհում այդ մասնագիտությունները շատ տարածված են, իսկ Հայաստանում դրանք պահանջված չեն», - ասել է Սիմոնյանը:

Նա նաեւ նշել է, որ այս տարի ԵՊՀ-ում նոր մասնագիտություն է  ստեղծվել` «Կովկասագիտություն»:   ««Կովկասագիտություն»  մասնագիտությամբ այս տարի բուհում կա արդեն 50 ուսանող, որոնց հնարավորություն է ընձեռվել մի քանի լեզու սովորելու, այդ թվում նաեւ ադրբեջաներեն եւ վրացերեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ