News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 17-ին, ընդունել է Արեւելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար եւ Արեւելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին:

Նախագահը ողջունել է հյուրին եւ գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստանի եւ Վատիկանի, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Աթոռի միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, որին նպաստում են նաեւ փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը: Սերժ Սարգսյանը խնդրել է կարդինալ Լեոնարդո Սանդրիին՝ իր լավագույն բարեմաղթանքները փոխանցել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին: Անցյալ տարեվերջին Նորին Սրբության հետ ունեցած իր ջերմ հանդիպումը, Հանրապետության նախագահի խոսքով, լավ առիթ էր քննարկելու Հայաստանի եւ Վատիկանի հարաբերությունների զարգացման օրակարգն ու հեռանկարները: Երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, համագործակցության շարունակական խորացման լավագույն նախադրյալներն են: Նախագահը նշել է, որ Հայաստանը եւ ավելի քան հազարամյա քրիստոնեական ավանդույթներ ունեցող հայ ժողովուրդը շատ բարձր են գնահատում Սուրբ Աթոռի դերը աշխարհում քրիստոնեության տարածման եւ արմատավորման, ինչպես նաեւ խաղաղության, փոխըմբռնման հաստատման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում:

Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Վատիկանի միջեւ այս տարի լրացող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակով երկկողմ հարաբերությունների երկարամյա ընթացքը չի սահմանափակվում, ավելին՝ այն հաջողությամբ զարգանում եւ տարեցտարի ավելի է խորանում:

Կարդինալ Լեոնարդո Սանդրին Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին, Հայաստանին ու նրա ժողովրդին: Արեւելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար եւ Արեւելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալը նշել է, որ Հայաստանն այն երկիրն է, որը ձգտում է աշխարհի բոլոր ժողովուրդների հետ փոխըմբռնման ու խաղաղության, եւ իր այս այցի միջոցով ցանկանում է նաեւ հարգանք մատուցել Հայաստանին, որն ունի այդպիսի ձգտում: Նա ընդգծել է, որ Սուրբ Աթոռը հիացած է առաջին քրիստոնեական պետության՝ Հայաստանի պատմությամբ, դարեր շարունակ քրիստոնեական արմատներին նրա հավատարմությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ