News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աբովյանի ծննդատանը փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան առթիվ նշանակված բոլոր փորձաքննությունների` դատաբժշկական, հանձնաժողովային եւ ալն, եզրակացությունները հայտնի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ այդմ` բժիշկ- անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովը ձերբակալվել, իսկ հուլիսի 13-ին կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այդ հոդվածով սահմանվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարել: Եւ եթե այն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում` պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Իսկ «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի հաջորդ օրվանից բժիշկն իրենց մոտ չէր աշխատում:

Նա նշեց, որ Վլադիմիր Մյագկովն աշխատել է տարբեր հիվանդանոցներում, նա «Մալաթիա» բժշկական կենտրոնի բժիշկներից էր, որտեղի աշխատանքը համատեղում էր «Աբովյանի ծննդատան» աշխատանքի հետ: Նրա խոսքով` վիրաբույժները միշտ հոգ են եղել նրա աշխատանքից: Բժիշկը ամուսնացած է, կինը եւս բժշկուհի է, ունեն երկու որդի:

«Խնդիրը անեսթեզիոլոգիական էր, այսինքն` մինչեւ վիրահատությունն ամեն ինչ նորմալ էր, նարկոզից հետո էր առաջացել սպազմը: Բայց սկզբից մեղադրել անեսթեզիլոգին, ճիշտ չէր լինի, պետք էր փորձաքննության պատասխանները լինեին: Ըստ փորձաքննության եզրակացության` մահը վրա է հասել մեխնիկական շնչահեղձության արդյունքում, ինչը նշանակում է, որ ինկուբացիայի ընթացքում վնասվել է կոկորդը, լեզվարմատը, որից արյունահոսություն է եղել դեպի շնչափող եւ դրանից շնչահեղձ է եղել կինը»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆլորա Աբգարյանը գտնվում էր նախածննդյան հսկողության ներքո, պետք է վիրահատվեր փետրվարի 27-ին, սակայն փետրվարի 25-ի առավոտյան կնոջ մոտ ցավեր են սկսվել եւ ժամը 11.40-ի սահմաններում դիմել է ծննդատուն: Կարճ ժամանակահատվածում արվել են անհրաժեշտ հետազոտությունները, որովհետեւ հիմնական հետազոտություններն արվել էին նախածննդյան հսկողության ժամանակ «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմել էր, որ վիրահատությունն սկսելուց 10-12 րոպե հետո նարկոզային շրջանում նրա մոտ առաջացել է դժվար կառավարվող վիճակ, սրտի կանգ եւ բրոնխո սպազմ:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով դեպքի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով է ստեղծվել եւ հանձնախումբը` առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի գլխավորությամբ տեղում ուսումնասիրություններ է իրականացրել կազմակերպչական խնդիրներ եւ այլ հանգամանքներ պարզելու համար:

Տպել
Ամենաշատ