News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միջազգային ճանաչում ունեցող մի շարք ՏՏ ոլորտի ընկերություններ հետաքրքրված են Արցախում գործունեության ծավալմամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը՝ ավելացնելով, որ վերջին տարիներին Արցախում աշխատանքներ են տարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ու մասնագետների պատրաստման ուղղությամբ։ «Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման եւ բիզնես կազմակերպելու համար գոյություն ունեն մի շարք նպաստավոր պայմաններ։ Բնակչության բնատուր հակում բնական եւ ճշգրիտ գիտությունների հանդեպ, նպաստավոր հարկային դաշտ, առկա կադրային բազա, որի վերապատրաստման դեպքում կապահովվի միջինից բարձր մասնագիտական մակարդակ»,- ասաց նա՝ նշելով, որ նախատեսվում է  ԼՂՀ պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում, Կադրերի ուսուցման եւ վերապատրաստման դասընթացների իրականացում` մասնավոր հատվածի հետ համաֆինանսավորման սկզբունքով եւ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» նախագծի իրականացում։

Ըստ նախարարի՝ ԼՂՀ իշխանությունը ցանկություն ունի զարգացնել ՏՏ ոլորտին ու այդ ոլորտում գործող ընկերություններին։ «Արցախն այսօր գտնվում է տնտեսական եւ քաղաքական շրջափակման մեջ: Տնտեսական զարգացման առաջնային  խոչընդոտներն են ռեսուրսների դեֆիցիտը եւ աշխարհագրական դիրքը: Վերոնշյալից հետեւում է, որ  մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, որն ունի մի շարք առավելություններ համեմատած տնտեսության մյուս ճյուղերի հետ, այսօր անհրաժեշտ ու արդիական է: Այս ոլորտում ստեղծվում է բավական մեծ հավելյալ արդյունք, ինչպես նաեւ ապահովվում է բարձր վարձատրվող աշխատատեղեր, միեւնույն ժամանակ բացակայում են արտահանմանը խոչընդոտող հանգամանքները»,-ընդգծեց Եսայանը։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել են  հայաստանյան մի շարք ՏՏ ոլորտի կազմակերպություններ, «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն Ստեփանակերտում ուսումնական կենտրոն է հիմնել։ Իրականացվում է համակարգիչների մատչելիության բարձրացման ծրագիր։ Արցախում իրականացվում է նաեւ տելեբժշկության պիլոտային ծրագիրը։ Գյումրիի ՏՏ կենտրոնը (GITC) իրականացնում է Արցախի ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, իսկ ԼՂՀ կառավարությունում տեղադրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության MULBERRY համակարգը։ 2011թ-ին Լեռնային Ղարաբաղը մասնակցել է «ԴիջիԹեք 2011» ցուցահանդեսին, որին մասնակցել են մի քանի տասնյակ ՏՏ ոլորտի կազմակերպություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ