News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԼՂՀ գործող նախագահը եւ նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի արցախցիներ,

Շնորհավորում եմ ձեզ Արցախի քաղաքական զարթոնքի կապակցությամբ, ինչն արտահայտվել է նախագահական քարոզարշավի եւ քվեարկության ժամանակ: Արցախցիներով ապացուցեցինք աշխարհին եւ մեզ, որ արցախյան հանրությունը  պատրաստ է տեր կանգնել իր ապագային: Իմ թեկնածությանը կողմ քվեարկածների թիվը հուշում է, որ մեր բարձրացրած խնդիրները հրատապ են եւ կարիք ունեն լուծումների: Վստահեցնում եմ ձեզ, որ մենք պայքարելու ենք այդ խնդիրների լուծման համար եւ այսուհետ ձեզ հետ միասին ենք որոշելու երկրի քաղաքական օրակարգը:

Հունիս 15-ին գործող նախագահին ուղղված իմ բաց նամակում ես որոշակի մտահոգություններ էի հայտնել ընտրությունները վարկաբեկող գործընթացների մասին: Ցավոք դրանք հաշվի չառնվեցին: Ես պատրաստ էի արդար ընտրությունների արդյունքում շնորհավորել հաղթած թեկնածուին, սակայն պետք է սահմանափակվեմ ընտրությունների արդյունքները որոշակի վերապահումներով ընդունելով:

Ընտրությունները ցույց տվեցին, որ մեր բնակչության առնվազն մեկ երրորդը համաձայն չէ վարվող քաղաքականության հետ եւ պահանջում է փոփոխություններ: Իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց քաղաքականությունը եւ դա կատարվելու է մեր պահանջների ներքո:

Գործող նախագահը եւ նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ: Ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար: Ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը ժողովրդի վրա եղել են ճնշումներ, վարչական ռեսուրսն ամբողջովին ուղղված է եղել գործող նախագահի ձայնահավաքին: Ամենամեծ ճնշումները եղել են Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչների վրա: Այս պայմաններում ստացած քվեները համարում եմ լավ արդյունք, ինչը լուրջ հիմք է նոր քաղաքական կառույցի ստեղծման համար:

Այս կառույցի առաջնային նպատակներից է լինելու մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Ես միշտ լինելու եմ բոլոր նրանց կողքին, ում իրավունքը կփորձեն ոտնահարել:

Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնն են տվել ինձ: Այսպիսի մթնոլորտում դա որոշակի խիզախություն էր պահանջում ձեզնից: Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց խղճի մտոք են քվեարկել մյուս թեկնածուների օգտին:

Շնորհակալություն եմ հայտնում իմ նախընտրական շտաբներին եւ վստահված անձանց, ովքեր կարճ ժամանակում հսկայածավալ աշխատանք կատարեցին: Մեր ռեսուրսներն անհամեմատելի էին մրցակից թեկնածուի օգտին գործածված պետական ռեսուրսների հետ եւ ստացած ձայները վկայում են մեր կողմնակիցների արդյունավետ աշխատանքի մասին:

Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին եւ դիտորդներին, ովքեր անաչառ կատարեցին իրենց պարտականություններն ընտրությունների ողջ ընթացքում:

Շնորհակալ եմ Արցախի, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, ովքեր տարբեր կերպ իրենց աջակցությունը հայտնեցին ինձ եւ իմ նախընտրական ծրագրին»:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է պետության գործող նախագահ Բակո Սահակյանը: Նախնական տվյալներով` նա հավաքել է 47 հազ. 85 ձայն կամ ձայների  66,7%-ը: ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը ստացել է 22 հազար 966 ձայն կամ  32,5 տոկոսը: Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 594 ձայն կամ ձայների 0,8 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ