News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը այսօր` հուլիսի 20-ին հրապարակեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:

Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը կազատազրկվեն: Դատարանի վճիռը ներկաներն ընդունեցին «ամոթ-ամոթ» վանկարկումներով:

Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ բացարձակ պետք չէ հաշվի առնել այս դատավճիռը, ապա դիմելով դատարանին հայտարարեց. «Դատվելու եք»:

ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անպայման բողոքարկելու են դատավճիռը: Նրա խոսքով, իրենց համար դատավճիռն անակնկալ էր, քանի որ մեղադրող դատախազը Դավիթ Քիրամիջյանի համար 2 տարվա պայմանական ազատազրկում էր առաջարկել, սակայն դատավորը դատապարտեց 2 տարվա ազատազրկման` առանց պայմանականի:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Ամանուկյանն էլ նշեց, որ այս դատավճիռն ավտորիտարիզմի դրսեւորում է, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը դադարեցնելու է պայքարը: «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»,-ընդգծեց նա:

Դատարանի առջեւ մեծ բազմություն էր հավաքված, մարդկանց ձեռքին կան պաստառներ, որով պահանջում են ազատ արձակել Տիգրան Առաքելյանին:

Նշենք, որ հուլիսի 14-ին կայացած նիստում մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը դատավորին խնդրել էր Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի 6 ամիս, իսկ Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ազատազրկման: Մարտիրոսյանն առաջարկել էր Դավիթ Քիրամիջյանի պատիժը պայմանականորեն չկիրառել:

Երեկ իրենց պաշտպանական ճառերն ու ամփոփիչ ռեպլիկները ներկայացրել են ՀԱԿ ակտիվիստներն ու փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Ակտիվիստները նշել են, որ իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքում եւ արդարացման վճիռ են պահանջել դատարանից:

Նշենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ