News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ալյուրի շուկան գտնվում է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պարբերական մոնիտորինգի ներքո, Հանձնաժողովը խստորեն վերահսկում է այդ շուկայի հիմնական խաղորդների վարքագիծը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մրցակցության գնահատման եւ վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Գնել Ալավերդյանը:

Նշենք, որ ալյուրի շուկայում գերիշխող դիրք գրավողներն են «Մանանա գրեյն» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունները, որոնց բաժին է ընկնում շուկայի մոտ 80%-ը: Վերջին շրջանում ալյուրը թանկացել է, ինչը հաստատում են նաեւ ՏՄՊՊՀ-ի դիտարկումները: Այսպես, ըստ Գ. Ալավերդյանի, եթե հուլիսի սկզբին այդ երկու գերիշխող դիրք գրավող ընկերությունների մեծածախ պահեստներում բարձրակարգ ալյուրի 1 տոննան արժեր 233 հազ. դրամ, ապա ներկայում` 240 հազ. դրամ: Այսինքն` առկա է մոտ 3% գնային բարձրացում:

Գնային բարձրացումներ են նկատվում նաեւ Ռուսաստանում, որը Հայաստանին ցորենի հիմնական մատակարարն է, Եվրոպայում, ԱՄՆ-ում: Գ. Ալավերդյանի տեղեկացմամբ` Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստում հուլիսի 6-ի դրությամբ չորրորդ կարգի ցորենի տոննան 272 դոլար էր, ներկայում` 302 դոլարից ավելի է: Այսինքն` գնային բարձրացումը մոտ 10% է: Գնային բարձրացումներ կան նաեւ Լոնդոնի եւ ամերիկյան բորսաներում: Օրինակ` ամերիկյան բորսաներում ցորենի 1 տոննայի գինը ամսվա սկզբի 337 դոլարից ներկայում հասել է մինչեւ 372 դոլար (գնաճը` մոտ 10%): Շուկայի փորձագետները ցորենի միջազգային գների աճը հիմնականում պայմանավորում են բնակլիմայական աղետներով:

Հարցին , թե որքանով է հայկական շուկայում ալյուրի թանկացումը համարժեք միջազգային շուկաների գնաճին, Գ. Ալավերդյանն ասաց, որ առայժմ վաղ է հետեւություններ անել` դա առանձին վերլուծության առարկա է:

Ինչ վերաբերում է հացի գներին, ապա Գ. Ալավերդյանն ասաց, որ հացի շուկայում գերիշխողներ չկան, հետեւաբար` ՏՄՊՊՀ-ի ուղղակի գործառույթը չէ վերահսկողության տակ պահել այս շուկան, սակայն ՏՄՊՊՀ-ն այս շուկայում եւս  մոնիտորինգ է իրականացնում` որպես կարեւոր սպառողական ապրանք:

Տպել
Ամենաշատ