News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիական այս կամ այն սցենարի զարգացմամբ հետաքրքրված արտաքին դերակատարների շահերն իրենց տեսանելի մասով համընկնում են միեւնույն` Բաշար Ասադի ռեժիմի պահպանման կամ տապալման հարցում, սակայն իրականում  դրանք շատ տարբեր եւ բազմաբաղադրիչ են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ քաղաքակրթությունների եւ մշակույթների ուսումնասիրման հետազոտական կենտրոնի փորձագետ, արաբագետ Հայկ Քոչարյանը:

Նրա խոսքով` այսօր չի կարելի միանշանակ ասել, թե ինչ սցենարով կզարգանան իրադարձությունները, քանի որ գործընթացը բավականին բարդ է. «Սիրիայում սխեմատիկ գործընթացները հետեւյալ տեսքն ունեն. Արեւմուտքն իր նպատակներին հասնելու համար օգտագործում է այսպես կոչված ընդդիմության հետ համգործակցությունը, որ կարող է արդյունավետ լինել երկարաժամկետ հեռանկարում: Մյուս բլոկը` Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը, հակառակ տրամաբանությամբ են առաջ շարժվում` իրենց շահերը կապելով Սիրիայի ներկայիս գործող ռեժիմի հետ: Այդ նախագիծն էլ կարող է արդյունավետ լինել կարճաժամկետ հեռանկարում` երկրաժամկետում պարտության տանելով»,-նշեց Քոչարյանը:

Պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր Ռուսաստանի ռազմական միջամտությունը Սիրիայում, փորձագետը նշեց, որ դրա համար առանվազն իրավական հիքմեր են հարկավոր, որոնք Մոսկվան չունի: «Տեսականորեն չի կարելի բացառել, որ  դրանք կարող են ի հայտ գալ, սակայն անգամ նման պարագայում ռազմական միջամտությունը բացառվում է, քանի որ Մոսկվայի համար դա նշանակում է կանգնել կողմերից մեկի կողքին եւ դուրս գալ մյուսի դեմ»,-նկատեց Հայկ Քոչարյանը:

Զրուցակիցը նշեց, որ Բաշար Ասադի ռեժիմի հնարավոր անկումը կարելի է նաեւ դիտարկել իսլամի տարբեր հոսանքների դիմակայության տեսանկյունից: Իրադարձությունների նման զարգացման պարագայում տարածաշրջանում կթուլանա շիաների ճակատը` Իրաք, Իրան, Սիրիա, Լիբանան, ինչը իր հերթին կթուլացնի Իրանի, որպես տարածաշրջանային խաղացողի, դերը:

Ինչ վերաբերում է վատագույն սցենարին` սիրիական պետության փլուզմանը, Քոչարյանը նշեց, որ դա դիտարկվել է տարբեր ուժային կենտրոնների կողմից տարբեր ժամանակներում: «Պետք է անել հնարավորը` Սիրիայի փլուզումը թույլ չտալու համար: Բացի մարդասիրական աղետից,  այն նաեւ տարածաշրջանում երկարատեւ անկայունության կհանգեցնի»,-եզրափակեց արաբագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ