Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարի ազատազրկման դատապարտելու դատավճիռը կբողոքարկվի

ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարի ազատազրկման դատապարտելու դատավճիռը կբողոքարկվիՀուլիս 22, 2012 | 01:05

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին 6, Արտակ Կարապետյանին 3, Դավիթ Քիրամիջյանին եւ Սարգիս Գեւորգյանին  2-ական տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը բողոքարկելու են: ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բողոքարկման մեկամսյա ժամկետ կա եւ իրենք մինչեւ օգոստոսի 20-ը կբողոքարկեն դատավճիռը Վերաքննիչ քրեական դատարանում:

Նա Վերաքննիչ քրեական դատարանից դատավճռում որեւէ փոփոխություն չի ակնկալում, բացի կոսմետիկ փոփոխություններից` պատժաչափի փոքր նվազումներից, բայց ամեն դեպքում բողոքարկելու են: «Երեկվա դատական ակտն ավելի քան խիստ էր, նույնիսկ եթե մենք մտածում էինք, որ հնարավոր է կայացվի մեղադրական դատավճիռ, չէինք կարծում, որ նման խստությամբ կարող է դատավճիռ լինել: Այն ավելի խիստ էր, քան մեղադրողն էր ներկայացրել մեղադրական ճառում»,- ասաց փաստաբանը:

Վերաքննիչ քրեական դատարանում հաջողության չհասնելու դեպքում նրանք պատրաստվում են դիմել մյուս ատյաններ, իսկ Հայաստանի դատական ատյանները սպառելուց հետո` դատավճիռը կբողոքարկեն Եվրոպական դատարանում:

»Իմ պաշտպանյալների դատավճռում փոփոխությունը խստացման առումով տեղի է  ունեցել վերջին 2-3 օրվա ընթացքում, իսկ մինչ այդ, իմ կարծիքով, ավելի օբյեկտիվ  էր, եւ այնպիսի տպավորություն էր, որ պետք է ավելի օբյեկտիվ եւ արդար դատական ակտ կայացվի` հաշվի առնելով ինչպես դատաքննության հետազոտության ապացույցները, այնպես էլ մեր կողմից ներկայացված պաշտպանական ճառերը, որոնք բավականին հաջող էին եւ ավելի ճիշտ եւ օբյեկտիվ ցույց տվեցին, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Մենք փորձեցինք ցույց տալ մեղադրանքի կողմի ներկայացրած վարկածի դատարկ, սին լինելը եւ դա, կարծում եմ, մեզ հաջողվեց: Կարծում եմ, պատվեր է եղել, որպեսզի հնարավորինս ավելի խիստ դատական ակտ կայացվի»,- ասաց Ստեփան Ոսկանյանը:

Նրանք պահանջում են ակտիվիստների նկատմամբ  կայացնել արդարացման դատավճիռներ: Իսկ եթե դատարանը գտնի, որ կան ապացույցներ, որ դրանց հիման վրա պետք է կայացվի մեղադրական բնույթի դատական ակտ, ապա գոնե բոլորի նկատմամբ կիրառի Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը`  պատիժը պայմանականորեն չկիրառելը, այսինքն` որեւէ խափանման միջոց չընտրել:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել: 


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...