News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի գործող գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ բանկի ապագա գլխավոր տնօրեն Թիզ Քլեմենցը:

Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը, քաղաքապետը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս մասով առկա է նաեւ փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:

«Մասնավոր կառույցների հետ արդյունավետ համագործակցության օրինակներ մենք արդեն ունենք եւ ողջունում ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք շահագրգիռ եւ հետաքրքրված են համատեղ ծրագրերի իրականացման հարցում: Մեր լիազորությունների շրջանակում մենք միշտ աջակցում ենք մեր գործընկերներին, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ Երեւանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է ու պատրաստակամ է կյանքի կոչել մայրաքաղաքն առավել հարմարավետ եւ բարետես դարձնելու ցանկացած լավ առաջարկ»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Ասթրիդ Քլիֆֆորդը նշել է, որ բանկը շահագրգռված է քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնման հարցում ու, հատկապես, շրջակա միջավայրի պահպանության եւ կանաչ տարածքների ընդլայնման ծրագրերի շրջանակում:

Հատկանշելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր լայնածավալ աշխատանքներ են տարվում այգիների, պուրակների եւ բակային տարածքների բարեկարգման, կանաչապատման, ինչպես նաեւ կանաչ տարածքների ընդլայնման ու դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը բազմակողմանի կքննարկի բոլոր առաջարկներն ու կներկայացնի հնարավոր համագործակցության ամբողջական փաթեթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ