NEWS.am-ին հայտնի են դարձել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակության ղեկավարների անունները:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավարը կլինի ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, իսկ 4-րդ գումարման ԱԺ-ում այս պաշտոնը զբաղեցնում էր ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, նախկինում ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանն էր:
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում ԱԺ պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը,. Իսկ նախկինում այն ղեկավարում էր ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավարելու է ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը, նախկինում այն ղեկավարում էր ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը, նախորդ գումարման ԱԺ-ում այն ղեկավարում էր ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Կարեն Ավագյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը կշարունակի ղեկավարել ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը: ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն եւս կշարունակի ղեկավարել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը: ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն էլ, ինչպես եւ նախկինում, կղեկավարի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը: