News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2012 թ. հուլիսի 4-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ նշանակվեց Արմեն Աբրահամյանը: NEWS.am-ի փորձեց Ա. Աբրահամյանից պարզել իր նշանակման դրդապատճառներն ու առաջիկա ծրագրերը:

Պրն. Աբրահամյան, դուք կենսաթոշակային համակարգում կարծես թե նոր մարդ եք: Ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ:

Սոցիալական ոլորտի հետ առաջին անգամ առնչվել եմ 2003 թվականին` որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, USAID-ի ծրագրի շրջանակներում: Սկսեցի ղեկավարել սոցիալական ոլորտի տեղեկատվական համակարգերի եւ ցանցերի զարգացման, ներբեռնման, սպասարկման գործընթացները: Այն ժամանակ շատերը համարում էին, որ տեղեկատվական շտեմարանների ստեղծումը արդիական չէ, վաղաժամ է, համաշխարհային լուծումները հնարավոր չէ Հայաստանում կիրառել: Նույնիսկ պետական մարմիններում այդպիսի ընկալում կար: Սակայն հիմա մոտեցումները փոխվել են: Անցյալ տարվա մարտին սոցիալական ապահովության պետական ծառայությունում նշանակվեցի որպես ՏՏ խորհրդատու, 4-5 ամիս հետո` ծառայության պետի առաջին տեղակալ, ներկայում ղեկավարում եմ ծառայությունը:

Այսինքն` դուք ՏՏ ոլորտից եք գալիս սոցիալական ապահովության համակարգ: Կարելի՞ է ասել, որ ձեր նշանակմամբ ՏՏ լուծումները առաջնային են համարվում սոցիալական ապահովության համակարգում:

Թերեւս` այո: Ոչ միայն սոցիական, այլ պետական կառավարման ցանկացած այլ ոլորտում ՏՏ լուծումները շատ կարեւոր են արդյունավետության բարձրացման, միտումնավոր սխալների վերացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ծախսերի կրճատման համար: Սոցիալական ապահովության ծառայությունում անցյալ տարի սկսեցինք  տեղեկատվական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման աշխատանքները, հիմա ջանքերը կենտրոնացրել ենք ներքին գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման վրա` բիզնես գործընթացների ամբողջական նկարագրմամբ: Դա պետք է ապահովի կենսաթոշակային գումարների արդյունավետ ծախսումը, իսկ մեր ծառայության միջոցով իրացվում է պետական բյուջեի 25%-ը: Համակարգն աշխատում էր 1997-98 թ.թ. ներդրված տեխնոլոգիաներով, որն արդեն հնացած էր ու ժամանակակից մարտահրավերներին պատասխանել չէր կարող: Մենք նույնիսկ նորմալ սերվեր չունեինք, որ կարողանայինք տեղեկատվություն կուտակել: Հիմա երկու նորագույն սերվերներ են գործարկվել` ծառայության կենտրոնական ապարատում եւ «Նորք» կենտրոնում: Այդ սերվերները թույլ են տալիս ողջ տեղեկատվական հոսքերը կենտրոնացնել եւ կառավարելի դարձնել: Ամբողջովին փոխում եւ նորացնում ենք համակարգչային բազան:

Վերջերս կենսաթոշակառուների բազայի ճշտումներ եղան, դա նոր տեխնոլոգիաների ներդրման հետեւա՞նք էր:

Տեղեկատվական տեխնոլոգիաները մի շարք տարրերից են բաղկացած, առաջինը` գրանցել առկա տեղեկատվությունը: Որպեսզի ՏՏ-ն կարողանաս օգտագործել, պետք է ենթակառուցվածքները զարգացած լինեն: Դա ընդհանրական ցանցի մեջ լինելն է, տեղեկատվության ճիշտ կանոնակարգումն է, անվտանգության եւ հասանելիության խնդիրն է: Ամեն մի աշխատակից պետք է տեղեկատվությունն օգտագործի ըստ իր իրավասության` ոչ ավելի, ոչ պակաս: Նախկին տեխնոլոգիաները դա թույլ չէին տալիս: Երբ ստեղծեցինք կենտրոնացաված տեղեկատվական շտեմարանը` մի շարք խնդիրների բախվեցինք` տեղեկատվության անճշտության հետ կապված: Այսօր էլ դեռ տեղեկատվության ճշգրտման խնդիրները պահպանվում են, որովհետեւ ընթացքում օրենքը փոխվել է, իսկ տեղեկատվական համակարգի լուծումները չէին ապահովել օրենքի կիրառելիությունը: Նախկին համակարգերում հնարավոր էր արտաքին միջամտություն իրականացնել, նոր համակարգով դա բացառվոււմ է` անվտանգության աստիճանը էապես բարձրացվել է:

Իսկ ի՞նչ են շահում այս ամենից կենսաթոշակառուները:

Մեր հիմնական խնդիրներից մեկը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է: Եթե թոշակառուն գալիս է տարածքային կենտրոն` պետք է առաջին հերթին հարգալից վերաբերմունքի արժանանա: Նաեւ բիզնես-գործընթացներն ենք կանոնակարգում: Նոր համակարգի շրջանակներում քաղաքացին գումար նշանակող տեսուչի հետ հնարավորինս քիչ է շփվելու: Քաղաքացին դիմումը կհանձնի եւ կգնա: Դիմումը կենտրոնացված համակարգով կգրանցվի, իսկ տեսուչը որոշում կկայացնի` ձեռք բերելով հարակից եւ լրացուցիչ ողջ տեղեկատվությունը: Հնարավորինս ձեռնպահ ենք մնալու քաղաքացիներին փաստաթղթերի ցանկ ներկայացնելուց: Նախկինում հնարավոր չէր ապահովել քաղաքացու նույնականացումը` թոշակ նշանակելու համար, իսկ նոր համակարգով քաղաքացու անձնագրի տվյալները մուտք անելուց հետո նրա մասին բոլոր տվյալները միանգամից ներառվում են տեղեկատվական համակարգ: Այսինքն` տեսուչը իրավունք չունի այլ բան գրելու, «մեռած հոգիներին» սպասարկելու խնդիր այլեւս գոյություն չունի: Լուծել ենք նաեւ մահացած քաղաքացիների խնդիրը, որպեսզի թույլ չտանք պետական բյուջեի վատնում: Ամեն օրվա վերջում արդարադատության լիազոր մարմիններից տեղեկատվություն ենք ստանում մահացած մարդկանց մասին, ու համապատասխան ճշգրտումներ անում: Արտասահմանում մահացած քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանում ենք հյուպատոսարաններից ու դեսպանատներից:

Բայց ասել, որ թոշակների վճարման առումով ամեն ինչ կարգին է, այնքան էլ ճիշտ չի լինի:

Բանկային քարտերով իրականացվող վճարումների մասով ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է «Հայփոստին», որը թոշակը կանխիկ վճարում է քաղաքացիներին, ապա այլընտրանք այս առումով չունենք: Միգուցե ճիշտ է «Հայփոստին» ավելի բարձր պահանջներ ներկայացնել պայմանագիրը վերանայելիս, սակայն այստեղ վճարման խնդիր է առաջանում: Փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիոն ռիսկն առաջանում է ոչ թե գումարը վճարելիս, այլ իրավունքը հաստատելիս` կենսաթոշակի նշանակում կամ վերահաշվարկ: Եթե գումարը փոխանցվել է արդեն, ապա մեր լիազորություններից դուրս է վճարող կազմակերպությունների նկատմամբ պայմանագրից դուրս պահանջներ ներկայացնելը:

Զրուցեց` Սամվել Ավագյանը

Տպել
Ամենաշատ