News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանն օրերս հանդիպել է Արգենտինայի արտգործնախարար Էկտոր Տիմերմանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱՀ ԱԳՆ արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Մարիա դել Կարմեն Սկեֆը եւ արտգործնախարարի անձնական քարտուղարը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, իրավապայմանագրային դաշտին, ինչպես նաեւ երկկողմ բարձրաստիճան այցելությունների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

Էկտոր Տիմերմանը տեղեկացրել է, որ սիրով ընդունում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը առաջիկա ամիսներին այցելելու Հայաստան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան աշխատանք իրականացնել նախապատրաստման փուլում գտնվող համաձայնագրերի ամբողջացման եւ այցելության ընթացքում դրանց որոշ մասի ստորագրման վերաբերյալ։

Արգենտինայի արտգործնախարարը հետաքրքրվել է այն բնագավառներով, որոնք կարող են փոխշահավետ տնտեսական համագործակցության հիմք հանդիսանալ: Դեսպան Մելիքյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, առկա ներդրումային դաշտը եւ հնարավորությունները: Առանձնացվեցին գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ատոմային եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտները:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, Տիմերմանը նշել է, որ Արգենտինան աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին եւ կողմնակից է խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը։

Խոսելով արգենտինահայ համայնքի մասին` ԱԳ նախարարը նշել է, որ այն իր կարեւորագույն դերակատարումն ունի երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում:

Արգենտինայում ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը է հայտնել մեր հայրենակիցների հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար, ինչի շնորհիվ ցեղասպանությունից փրկված հայերը եւ նրանց սերունդները կարողացան հաստատվել Արգենտինայում, դարձել են օրինապաշտ քաղաքացիներ եւ մինչ օրս էլ շարունակում են զգալի ներդրում ունենալ երկրի զարգացման գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ