News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ:

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

Ես Խաչատուր Քոքոբելյանն եմ եւ այնպիսինն եմ, ինչպիսին ինձ ճանաչում են իմ ընկերները միջավայրում: Բնականաբար, ՀՀ քաղաքացի եմ, ով շատ սիրում է իր երկիրը:

Ամենամեծ առավելությունն ու թերությունը:

Թերությունն այն է, որ երբեմն պատահում է, որ կորցնում եմ  ժամանակի զգացողությունը, իսկ ամենամեծ առավելությունն այն է, որ կարողանում եմ հետամուտ լինել իմ առջեւ դրված խնդիրների լուծմանը:

Կարգախոսը:

Լինել ներդաշնակ միջավայրի եւ բնության հետ:

Աշխարհը, կյանքը եւ Դուք:

Մի ամբողջականություն եմ ընկալում:

Սիրո՞ւմ եք:

Անշուշտ:

Լռո՞ւմ եք:

Իհարկե:

Խղճո՞ւմ եք:

Ավելի շատ կարեկցում եմ:

Զղջո՞ւմ եմ:

Բնականաբար:

Արտասվո՞ւմ եք:

Եղել են բազում դեպքեր:

Հիասթափվո՞ւմ եք:

Ոչ:

Հուզվո՞ւմ եք:

Անշուշտ:

Ատո՞ւմ եք:

Ոչ:

Ստո՞ւմ եք:

Դրա փոխարեն լռում եմ:

Հավատո՞ւմ եք:

Անկասկած:

Ուզո՞ւմ եք:

Շատ-շատ:

Դժգոհո՞ւմ եք:

Երբեմն լինում է:

Գովերգո՞ւմ եք:

Այո:

Նախանձո՞ւմ եք:

Ոչ:

Պարտություններ:

Ունեցել եմ:

Հաղթանակներ:

Եւս ունեցել ենք, անշուշտ:

Հոգսերը:

Այնպես, ինչպես բոլոր մարդիկ, հոգսերը շատ են:

Տխրությունը:

Ինձ շատ հարազատ մարդկանց տխուր տեսնելը:

Ուրախությունը:

Իմ հարազատներին բարձր տրամադրությամբ տեսնելը:

Անելանելի իրավիճակ:

Այդպիսին եմ համարում  այն իրավիճակը, որ երբեմն տեղի են ունենում պրոցեսներ, որոնց վրա դու ազդեցություն չունես, բայց  չես ցանկանում, որ զարգացումը նման ընթացք ունենա:

Չար կատակ:

Բամբասանք:

Հուսահատության եւ հիասթափության պահեր:

Երբեւիցե չեմ ունեցել:

Պարտականություններ:

Շատ ունենք, կյանքն ինքն արդեն պարտականություն է միջավայրի, ընտանիքի եւ շրջապատի հանդեպ:

Պատասխանատվություն:

Իմ կարծիքով` պատասխանատվության չափը ուղիղ համեմատական է մարդու գիտակցության չափին:

Հպարտությունը:

Մարդավայել ապրելու զգացումը:

Թուլություններ:

Ինչպես բոլոր մարդիկ:

Լավագույն մարդը:

Հայրս:

Լավագույն ժպիտը:

Մորս ժպիտը:

Լավագույն խոսքը:

Հորս խոսքը:

Լավագույն երազանքը:

Երեխաներիս տեսնեմ այնպիսի Հայաստանում ապրելիս, ինչպիսին ես երազում եմ:

Լավագույն դերը:

Լավ քաղաքացի լինելը:

Ձեր ամենամեծ կոչումը:

Ծնողներիս զավակը լինելը:

Առաքելությունը:

Ծառայել հայրենիքիս:

Ձեր մասին ամենաանհեթեթ առասպելը:

Այդ մասին կուզենայի խոսեն իմ հակառակորդները:

Ներողություն խնդրո՞ւմ եք ու ումի՞ց:

Երբ սխալ եմ լինում, ապա անպայման ներողություն խնդրում եմ:

Ամենաշատը ձեզ ինչո՞ւմ եք մեղադրում:

Որ պատահել են դեպքեր զուտ քաղաքական եւ մարդկային առումով, որ ժամանակի զգացողության ոչ համարժեքության պատճառով եղել են պրոցեսներ, որ իմ պատկերացմամբ կարող էին այդպես չլինել:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Այդ մասին չեմ մտածել:

Ամենաշատը ինչքա՞ն եք  սպասեցրել եւ ինչքա՞ն եք սպասել:

Պատահել է, որ ամիսներով սպասել եմ եւ սպասեցրել:

Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ` թե արտաքինում, թե ներքինում:

Առանձնապես բան չէի փոխի:

Եթե նորից ծնվեիք, ինչպես կապրեիք:

Մասնակի շտրիխներ կցանկանայի փոխել, մնացածը նույնը կթողնեի, մենք չենք ընտրում մեր կյանքը:

Ամենաուրախ օրը:

Երեխաներիս ծնվելու օրերը:

Առաջին սիրո խոստովանությունը:

Շատ շուտ է եղել, մանրամասնություններ չեմ հիշում:

Անցած սերեր:

Բնականաբար:

Ամենամեծ սերը:

Վերջինը:

Կանայք:

Խորին հարգանքով եւ  ամենայն զգուշությամբ եմ վերաբերում կանանց:

Ընտանիքը:

Ինձ համար ամենակարեւոր միջավայրն է, որտեղ ես ամենաշատն եմ լավ զգում:

Երեխաներ:

Ամենամեծ ներշնչանքի աղբյուրն են:

Երկնքից երեք խնձոր է ընկնում:

Մեկը ձեզ, մեկը` ինձ, մեկը մեր ժողովրդին:

Լինում է,չի լինում:

Հեքիաթների չեմ հավատում:

Ի՞նչը կփրկեր կյանքում հերոսին, թե չլիներ կինն ու գինին:

Կշփոթվեր հերոսը:

Ծխախոտ, խմիչք, մոլախաղեր եւ կանայք:

Դժբախտաբար, ծխում եմ, մնացածի նկատմամբ ընդհանրապես հակում չունեմ:

Ամենախենթ քայլը:

Շատ են, դժվարանում եմ թվարկել:

Ինչ կցանկանայիք ավելացնել:

Կուզենայի, որ ինձ ճիշտ ընկալեն, կուզենամ, որ Հայաստանի հասարակությունը իրեն երջանիկ զգա, այնպիսի երկիր ունենանք, որ մարդիկ չուզենան այն լքեն եւ երջանկություն չփնտրեն այլ տեղերում:

Նշենք, որ 45-ամյա Խաչատուր Քոքոբելյանը եւս ԱԺ-ում «նորաբնակներից է: Մասնագիտությամբ մաթեմատիկոս է, մանկավարժ: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դասավանվել է ԵՊՀ-ում: Նա եղել է ՀՀՇ կուսակցության վարչության փոխնախագահ, իսկ 2011թ. «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր նախագահն է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ