News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հանրապետական կուսակցության պատգամավոր, «Առավոտ» օրաթերթի նախկին լրագրող Մարգարիտ Եսայանի հետ:

Ո՞վ եք Դուք եւ ինչպիսի՞ն եք:

Ես Մարգարիտ Եսայանն եմ` կին, մայր, քաղաքացի, ԱԺ պատգամավոր: Կարծում եմ` նորմալ մարդ եմ:

Ո՞րն է Ձեր ամենաուժեղ եւ ամենաթույլ կողմը:

Ամենաուժեղ կողմը բարությունն ու պարզությունն է, ամենաթույլ կողմը եւս` բարությունն ու պարզությունը:

Ի՞նչ է կյանքը Ձեզ համար:

Կյանքը պարգեւ է, որ Աստված տալիս է մարդկանց եւ փորձում է մարդկանց` կկարողանա՞ն այդ պարգեւը իրականացնել, թե` ոչ:

Սիրելի արտահայտություն ունե՞ք, որը Ձեզ համար կարգախոս եք դարձրել:

Այո, լավատես եղեք:

Ինչո՞ւմ է հաջողության հասնելու գաղտնիքը:

Լավատեսությունը, հավատը, սերը:

Ինչո՞ւմ եք Ձեզ մեղադրում:

Որ չեմ հասցնում շատ կարդալ:

Ի՞նչ եք սիրում:

Ամեն ինչ, եթե սեր չլինի, մարդ չի կարողանա ապրել, տիեզերքը չի պտտվի: Տիեզերքի, մարդկային հարաբերությունների, բնության առանցքը սերն է: Վերջիվերջո, Աստված սեր է:

Ո՞վ կամ ի՞նչը Ձեզ կարող է ստիպել լռել:

Եթե ինչ-որ բան պետք է ասել, ապա ինձ որեւէ մեկը կամ որեւէ բան չի կարող ստիպել լռել: Ես կլռեմ միայն, եթե  ես կուզեմ լռել:

Ո՞ւմ եք խղճում:

Ես ոչ մեկի չեմ խղճում, խղճահարությունը ամենանվաստացնող զգացողությունն է, որ մարդը մարդու հանդեպ կարող է ունենալ:

Ինչի՞ համար եք զղջում:

Կան մի քանի բաներ, կուզեի հրաշագործ լինել եւ մի քիչ երկարացնել մորս կյանքը:

Ե՞րբ եք արտասվում եւ արցունքներով երբեւէ  ինչ-որ բաների հասե՞լ եք:

Արցունքներով արդյունքի չեմ հասել, բայց լինում են պահեր, երբ արտասվում եմ եւ ամենաշատը սիրում եմ, երբ ուրախությունից եմ արտասվում:

Ումի՞ց կամ ինչի՞ց եք հիասթափվել:

Ստախոսներից, երեսպաշտներից եւ կեղծավորներից:

Ինչի՞ց եք հուսահատվում:

Չեմ հուսահատվում ոչ մի իրավիճակում, ես միշտ լավատես եմ, ինչը մաղթում եմ նաեւ ձեզ բոլորիդ:

Երբեւէ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան ատե՞լ եք:

Ատելությունը հզոր զգացողություն է, եւ իմ ճանապարհին չի գտնվել մեկը, որ արժանի լինի այդ հզոր զգացողությանը:

Ե՞րբ եք ստում:

Երբեք չեմ ստում, նույնիսկ ի վնաս ինձ` ես միշտ ճշմարտությունն եմ ասում: Առաջին հերթին ինքս ինձ չեմ ստում, խաբում երբեք:

Ո՞ւմ եք հավատում:

Հավատում եմ իմ ընտանիքին, հավատում եմ Աստծուն, մարդուն ընդհանրապես:

Պարտականություններ:

Բազմաթիվ պարտականություններ ունեմ, օրինակ` ընտանեկան, մայրական, տատիկական, պատգամավորական, մարդկային, որդիական:

Հոգսեր:

Ունենում եմ, մարդը չի կարող առանց հոգսի ապրել:

Ինչո՞վ էիք հպարտանում, երբ լրագրող էիք, եւ ինչո՞վ եք հպարտանում այժմ, երբ պատգամավոր եք:

Երբ լրագրող էի, հպարտանում էի իմ աշխատանքով, այսօր ես էլի հպարտանում եմ իմ աշխատանքով, որովհետեւ եւ այնտեղ, եւ այստեղ ես մնում եմ ես:

Ձեզ քննադատողներին ինչպե՞ս եք վերաբերվում:

Սիրով, ես սիրով եմ վերաբերվում նրանց, ովքեր ինձ անխնա քննադատում են:

Ո՞րն է ձեր առաքելությունը կյանքում:

Առաջինն իրականացրել եմ` մայր լինելն է, մյուսը զուտ մարդկային է, որպեսզի իմ ապրած կյանքով թեթեւացնեմ տիեզերքի հոգսը, այսինքն` իմ ապրած կյանքով փորձեմ օգնել մարդկանց եւ այնպես անել, որ իմ շրջապատի, երկրի մարդիկ գոհ լինեն իրենց ապրած կյանքից, լավ ապրեն:

Ի՞նչ կփոխեիք Ձեր մեջ` թե արտաքինում, թե ներքին աշխարհում:

Արտաքինում երեւի ոչինչ չէի ցանկանա փոխել, ինձ բոլորը ճանաչում են այնպիսին, ինչպիսին կամ եւ սիրում են այնպիսին, ինչպիսին կամ: Ներքինում կցանկանայի մի քիչ ավելի կոշտ լինել:

Ամենամեծ պարտությունը:

Ես պարտություններ չունեմ, ես միայն հաղթում եմ:

Ո՞ւմ կցանկանայիք նմանվել:

Ինքս ինձ:

Կյանքից ամենամեծ դասերը, որ ստացել եք:

Հավատալ եւ ստուգել:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Ես առայժմ սխալներ չեմ գործել:

Երջանկության բաղադրատոմսը:

Իմ երջանկությունը իմ ընտանիքն է:

Իսկ ի՞նչ է ընտանիքը:

Իմ ընտանիքը իմ ամրոցն է,իմ թիկունքը, իմ երեխաները, իմ ամուսինը, այն ամենը, ինչ ինձ տվել է Աստված, դա իմ ուժն է, իմ հզորությունը:

Ամենառոմանտիկ օրը:

Թոռնիկներիս ծնունդը:

Անցած սերերը:

Լիքը, բազմաթիվ, անհաշիվ, անհամար:

Ամենամեծ սերը:

Իմ ընտանիքն է:

Ձեր ընտրյալը:

Իմ ընտրյալը հրաշալի մարդ է, ես ընտրել եմ նրան,ում պիտի ընտրեի եւ երջանիկ եմ նրա հետ, ում ընտրել եմ:

Երեխաները:

Ունեմ երեք երեխա, երկու թոռնիկ: Աղջիկներս գերազանցությամբ ավարտել են ԵՊՀ-ն, տղաս սովորում է Ֆրանսիական համալսարոնւմ, թոռնիկներիցս մեկը 5 տարեկան է, մյուսը` 20 օրական:

Ընտանեկան վեճերը ամենաշատը ի՞նչ թեմայի շուրջ են ծագում:

Տարբեր թեմաների շուրջ են ընտանեկան վեճերը: Երեխաներիս միշտ թվում է, որ ես շատ եմ միջամտում իրենց կյանքին, իսկ ինձ թվում է ընդհակառակը` ես իրենց շատ եմ ազատ թողնում: Իսկ ամուսնուսն թվում է, թե ես ավելի շատ զբաղված եմ դրսի աշխատանքով` հասարակական, քաղաքական, ժամանակին` լրագրողական, բայց ես կարծում եմ, որ  ես փորձում եմ ժամանակս հավասար բաշխել եւ բոլորին ժամանակ հատկացնել: Օրվա 24 ժամը ես փորձում եմ ճիշտ եւ արդարացի բաշխել բոլորի մեջ:

Լավագույն ժպիտը:

Մանկան ժպիտը:

Լավագույն մարդը:

Ես եմ (ծիծաղում է):

Լավագույն երազանքը:

Ապրել այնպիսի Հայաստանում, որը բոլորիս երազանքն է:

Տղամարդիկ:

Ուղղակի անհրաժեշտություն են:

Ամենախենթ քայլը:

Ես բարձրությունից վախեցող մարդ եմ: Բայց ես գիտեմ, որ մի օր ես շատ բարձրից կթռչեմ, ու առանց վախենալու եմ թռչելու:

Ի՞նչ կենդանի եք սիրում:

Շուն: Ես շներից չեմ վախենում, բայց առյուծներին էլ եմ սիրում հզորության համար:

Չար կատակ:

Կատակի չար չի լինում:

Ինչպիսի՞ն եք խոհանոցում:

Անտանելի եմ, եւ ամեն ինչ պատրաստում եմ, երբ հավես ունեմ, եւ ոչինչ չեմ պատրաստում, եթե հավես ու ժամանակ չունեմ: Ոչինչ, 28 տարի յոլա տարել եմ ընտանիքիս:

Վատագույն սովորությունը:

Ամեն ինչ իմանալ ամենքի մասին:

Չիրականցված երազանք:

Ունեմ չիրականացված երազանք, բայց թող գաղտնի մնա:

Եթե կախարդական փայտիկ ունենայիք:

Եթե կախարդական փայտիկ ունենայի, կփորձեի վերականգնել Տիգրան Մեծի ժամանակվա Հայաստանը:

Լինում է, չի լինում:

Իրականում ինձ համար լինում է, իսկ այն, ինչ չի լինում, չի լինում:

Ի՞նչ կցանկանայիք Ձեզ հարցնել եւ պատասխանել:

Կուզեի ինձ հարցնեիք` որտեղից ես գալիս եւ ուր ես գնում, ես էլ կպատասխանեի` մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից, բայց ես կուզեի, որ այդ երկար ճանապարհին` մանկությունից եւ որտեղ պիտի հասնենք, չկորցնենք մեր մեջի մանուկին: Հենց որ մենք կորցնենք մեր մեջի մանուկին, մենք կորած մարդ ենք:

Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւս ԱԺ-ում նորաբնակներից է: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, հայոց ելզվի եւ գրականության մասնագետ է: Աշխատել է որպես լրագրող «Պիոներ կանչ» (հետագայում` «Կանչ»), «Առավոտ» օրաթերթում.  համագործակցել է «Ազատություն» ռադիոկայանի հետ: 2011թ դասավանդում է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Արժանացել է բաղմաիթվ մրցանակների: Ամուսանացած է, ունի երեք զավակ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ