News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բնության գերիշխող տեսակի` մարդու գործունեության արդյունքում շրջակա միջավայրը վերածվել է լիակատար քաոսի: Այդ մասին գրում է երգիչ, երգերի հեղինակ, երգահան, պոետ Սերժ Թանկյանը «Huffington Post»-ում (ԱՄՆ) տպագրված հոդվածում: Երկիչը բացատրել է, թե ինչու է իր նոր ալբոմն անվանել «Հարակիրի»:

«Վերջերս Բրազիլիայի ափերին 500 սատկած պինգվին էին հայտնաբերել, դա մարդածին մի շարք գործոնների արդյունք է: Երեւույթը մեկ բառով կարելի է բնորոշել իբրեւ «Հարակիրի»:

Հենց այդ բառն եմ ընտրել որպես երգի եւ ալբոմի անվանում` այս եւ  նմանատիպ այլ երեւույթների մասին դատողություններ անելիս: Որոշ կենդանատեսակների զանգվածային ոչնչացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական վախճանի չարագուշակ կանխատեսում:

Մենք բացարձակ չենք գիտակցում աշխարհի իրադարձությունների միջեւ առկա փոխադարձ կապը: Բնապահպանական աղետի շեմին ենք, եւ այստեղ չեն օգնի ոչ Կիոտոյի արձանագրությունները, ոչ էլ իրավիճակը փրկելու մեր փխրուն փորձերը: Մենք պետք է սկսենք խորհել ապագայի մասին, քանի որ գոյություն ունեցող մոդելն այլեւս չի գործում, քայքայված է:

Վերջերս մի լրագրող հարցրեց, թե արդյոք աշխարհի վերջը չեմ ակնարկում: Բնազդաբար պատասխանեցի` «ոչ», ի նկատի ունեմ մեր ԽՈՍՔԻ վերջը: Նախորդ քաղաքակրթությունները գոյատեւել են  գրի շնորհիվ` սկսած ժայռապատկերներից, ավարտած մագաղաթներով, գրքերով, այժմ` էլեկտրոնային կրիչներով: Մեր մոլորակի տարիքը միլիարդներով է հաշվվում, մարդկությանը` միլիոններով, իսկ հայտնի բոլոր քաղաքակրթությունները երկրում առաջացել են ընդամենը 10 հազար տարի առաջ: Բոլոր կրոննեը միեւնույն հիմքով են ստեղծվել, բոլորն էությամբ հայրապետական են:

Իսկ այժմ մեզ հարկավոր է  բնազդաբար զգալ մեր անցյալի հետ ներքին կապը: Մարդիկ Երկրի վրա հայտնվել են, որպեսզի հոգ տանեն դրա մասին, իսկ մենք այսօր վերածվել ենք սպառողների: Քաղաքակրթությունը զարգացրեց հոգեբանությունը, տեխնիկան, շատ գիտություններ: Մենք չենք կարող գոյատեւել մշտապես փոփոխվող աշխարհում, եթե մեր ներսում չկա ներդաշնակություն մեր հոգեբանական, տեխնիկական ներկայի եւ ներքին, բնազդային, գենետիկական անցյալի միջեւ:

Մենք միացնում ենք հեռուստացույցը, տեսնում  կյանքի վախճանը, ռմբակոծություններ, պատերազմներ, քաղց, ջրհեղեղներ: Եւ մենք շարունակում ենք այն սովորական ժամին անվրդով միացնել:

Հասել է վերբեռնման ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ