News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք անկախ պատգամավոր, թիվ 30 ընտրատարածքից ընտրված Էդմոն Մարուքյանի հետ:

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

Ես Էդմոն Մարուքյանն եմ, այնպիսին եմ, ինչպիսին ես կամ: Ընկերության եւ հարազատների կողմից սիրված եւ ընկերությանն ու հարազատներին նվիրված մարդ եմ: Իմ քաղաքի, իմ մարզի, հայրենիքին, պետությանը նվիրված մարդ եմ:

Կյանքի եւ մահվան հանդեպ ձեր վերաբերմունքը:

Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, կնքված եմ, եւ այն, ինչ Հայ առաքելական եկեղեցին ունի իր դավանաբանության մեջ, ընդունում եմ: Գիտեմ, որ մի օր մահանալու եմ: Գիտեմ, որ իմ բոլոր մեղքերի համար դատապարտվելու եմ:

Ձեր մեղքերը, որոնց համար դատապարտվելու եք:

Այս պահին դժվար է թվարկել, 31 տարվա ընթացքում ոնց էլ լինի կունենամ մեղքեր:

Ձեր թերություններից:

Ժամանակավոր անհամբերություն կարող է ցուցաբերեմ, մեկ էլ ռեալիստ լինելը ինձ շատ դեպքերում տանում է վատատեսության:

Ձեր առավելությունը:

Իմ հետեւողականության եւ կամքի մեջ է: Ամեն հարցում հետեւողական եմ եւ շատ հզոր կամքի ուժ ունեմ:

Խոցելի կողմեր:

Չունեմ:

Թշնամիներ:

Թշնամիներ էլ չունեմ, ոչ մեկին վատություն չեմ արել, որ թշնամիներ ունենամ: Լավագույն դեպքում կարող են մրցակիցներ լինել:

Ամենամեծ սխալը:

Երբեք չեմ մտածել, թե ինչ սխալներ ունեմ թույլ տված եւ որն է ամենամեծ սխալը: Առաջնորդվում եմ հետեւյալ սկզբունքով` եթե ինչ-որ բան չեմ անում, դա գնահատում եմ որպես սխալ, ես կողմնակից եմ ակտիվ գործողությունների Ավելի լավ է փոշմանեմ անելու համար, քան թե փոշմանեմ չանելու համար:

Իսկ ինչպես եք որոշում` ի՞նչ անել եւ ի՞նչ չանել, ի՞նչ ասել եւ ի՞նչ չասել:

Ինչ-որ բան որոշելիս առաջին միտքը, որ իմ գլխում ծագում է, ամենաճիշտ տարբերակն է: Դրանից հետո քննարկումների արդյունքում կարող է ես ունենամ 4-5 տարբերակ, բայց եթե առաջինը չեմ իրականացնում, մյուսները սխալ են դուրս գալիս, հետեւաբար` առաջին մտածած միտքը պետք է կատարվի իմ պարագայում: Մի կարեւոր բան կա, ասում է` խոսքը քանի  դեռ չես արտաբերել, քո գերին  է, արտաբերելուց հետո դու դառնում ես  խոսքի  գերին:

Երբեւէ դուք դարձե՞լ եք ձեր ասած խոսքի գերին:

Երբեք չի եղել, բայց չեմ բացառում, որ մի օր լինի:

Տխրությունը:

Տխրություն որպես այդպիսին չունեմ, ես ինձ երջանիկ մարդ եմ համարում թե ընտանեկան կյանքում, թե պրոֆեսիոնալ: Կարող եմ ասել, որ բավականին երիտասարդ տարիքում շատ մեծ բաների հասել եմ եւ ըստ էության տխրելու առիթ չունեմ: Ավելի շատ առիթ ունեմ ուրախ լինելու եւ գնահատելու եղածը, ինչ որ ձեռք եմ բերել: Ինչ-որ ես ունեմ, դրանով գոհանում եմ, չեմ բողոքում:

Երջանիկ մարդ եք, իսկ ձեր երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Վառ գույներով լի է, ըստ էության` շատ ակտիվ կյանք վարող մարդ եմ: Բայց կոնկրետ գույն չեմ կարող ասել:

Չիրականացված երազանք:

Գրեթե չունեմ, որովհետեւ ինչ-որ երազել եմ, դրան հասել եմ: Մի կողմից կարող եմ ասել, որ ռեալ երազանքներ եմ պահում, որոնց հնարավոր է հասնել, կամ էլ Աստված կատարում է:

Ի՞նչն է  ձեզ զարմացնում:

Վերջերս  արդեն ոչ մի բանի վրա չեմ զարմանում:

Լոռեցու անկեղծությունը ձեզ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:

Կասեի` պարզությունը, դա ինձ օգնում է:

Ձեր կյանքի ամենամեծ պարտությունը:

Թերեւս չեմ ունեցել:

Իսկ հաղթանակներ:

Շատ եմ ունեցել, ամենավերջինը տղայիս ծնունդը, նախավերջինը ընտրությունները:

Պատգամավորական մանդատը ի՞նչ փոխեց ձեր կյանքում, սկսե՞լ եք մարդկանց վերեւից նայել, թե՞ ոչ:

Այդ առումով բան չի փոխվել, ավելի ուշադիր եմ դարձել քաղաքացիների նկատմամբ, մարդիկ կան, որոնք քվեարկել են իմ օգտին, իսկ ես նրանց չեմ ճանաչում, երբ դուրս եմ գալիս փողոց, սկսում եմ հերթով բոլորին բարեւելով անցնել: Մանդատը ինձ հսմար մեծ պատասխանատվություն է եւ պարտավարություններ:

Ձեր կենսագրության մեջ ամենահպարտանալու բանը ո՞րն է:

Իմ հպարտությունը իմ ստացած կրթությունն է եւ իմ մասնագիատական հաջող գործունեությունը

Ե՞րբ եք կուսակցական դառնալու:

Բազմիցս  պատասխանել եմ, որ չեմ պատրաստվում կուսակցական դառնալ առաջիկա տարիներին, ինձ չեմ տեսնում որեւէ կուսակցության մեջ, բայց միեւնույն ժամանակ որեւէ բան չեմ կարող բացառել հետագայի համար:

Սիրելի գույնը:

Մի քանի գույներ կան, որ շատ եմ սիրում` կանաչը, կապույտը, վառ նարնջագույնը:

Սիրելի կենդանի:

Տանը կենդանի չենք պահում, որովհետեւ բնակարանում ենք ապրում, բայց առյուծ եմ շատ սիրում` որպես կենդանիների թագավոր, դա հզորության նշան է: Ձի եմ շատ սիրում, համարում եմ մաքուր կենդանի:

Առաջին սիրո խոստոսվանություն:

Կնոջս եմ արել: Իմ կինը Վանաձորից է, իրավաբան է, պրոֆեսիոնալ փաստաբան, բնագավառում ծանոթացել ենք, եւ այդպես սիրո խոստովանություն եմ արել:

Իսկ ձեզ սիրո խոստովանություններ արե՞լ եք:

Չէ, ինձ էլ չեն արել:

Խենթություններ, օրինակ` ձեր կնոջ պատուհանի տակ գրել եք, որ ես քեզ սիրում եմ:

Չէ, այդպիսի բաներ չեմ արել, դրա կարիքը չի եղել, սերենադ երգելուն չի հասել:

Ամենառոմանտիկ օրը:

Մեր նշանդրեքի օրն էր, երկու մարդու ճակատագրեր կապվեցին իրար: Սովորաբար ընդունված է, որ ամուսնությունն է կատարվում եկեղեցում, բայց իմ նշանադրեքի արարողությունը քահանայի կողմից է արվել եւ դրանով շատ նշանակալից էր:

Բնութագրեք ձեր ընտրյալին:

Իմ կինը շատ բանիմաց, համեստ, պրոֆեսիոնալ, ընտանիքում նվիրված մայր, կին է:

Երեխաները:

Երկու տղա ունեմ, առաջնեկս 5 տարեկան է, երկրորդը ծնվել է մայիսի 18-ին, մայիսը հաղթանակների ամիս է ինձ համար:

Հայրական պարտականություններից ո՞րն եք կատարում եւ որը` ոչ:

Հայրական պարտականություններս շատ վատ եմ  կատարում: Տղաս ինձ շատ կարոտում է, որովհետեւ շատ քիչ է տեսնում, այդ առումով ես ինձ ինքնաքննադատաբար եմ մոտենում:

Տան հոգսերից որո՞նք են ձեր վրա, օրինակ` շուկա գնալ,աղբը թափել, հաց գնել եւ այլն:

Շուկա մեկ-մեկ գնում եմ, մնացած առումով այդքան էլ չեմ օգնում ժամանակի սղության պատճառով:

Հայրական ապտակի արժանացե՞լ եք:

Շատ ակտիվ երեխա եմ եղել, դպրոցում եղել է, որ ինձնից բողոքել են, բայց չեմ հիշում, որ հայրական ապտակի արժանանամ, հայրս միշտ ինձ պաշտպանել է:

Իսկ երբ առաջին անգամ թաքուն ծխել եք եւ ընտանիքում իմացել են, այդ ժամանակ է՞լ էր ձեր հայրը ձեզ պաշտպանում:

Չի եղել նման դեպք, մեր ընտանիքւոմ ոչ ոք չի ծխում, թե հայրս, թե երեք եղբայրնես: Հուսամ` այդ տրադիցիան կշարունակվի:

Ամենաթանկարժեք իրը, որ ունեմ;

Թանկարժեք ոչ մի բան չունեմ, երեւի ամենաթանկարժեք իրը, որ ունեմ, Վանաձորի բնակարանս է:

Վեճերի, կռիվների, ծեծկռտուքների մասնակցե՞լ եք եւ կապտուկներով վերադարձե՞լ եք տուն:

Փոքր ժամանակ շատ է եղել, գիտեք ֆիզիկական լուրջ տվյալներ երբեք չեմ ունեցել, բայց չեմ էլ ծեծվել, երեւի հավասար ծեծել եմ եւ ծեծվել:

Ինչքան փող պետք է ունենաք, որ ձեզ երջանիկ զգանք:

Բայց երջանկությունը փողի մեջ չէ:

Լավ, նյութական ի՞նչ է  անհրաժեշտ, որ ձեր երջանկությունը կատարյալ լինի:

Ես կարծում եմ, որ իմ երջանկությունը կատարյալ է, ի՞նչն է պակասում որ:

Եթե ոսկե ձկնիկ բռնեիք, ի՞նչ կխնդրեիք:

Կխնդրեի միայն առողջություն, ուրիշ ոչինչ չեմ ուզում:

Մեկ հարց տվեք ձեր կողմից, որին կպատասխանի այս շարքի մյուս մասնակիցը, որը ի դեպ, դեռ չգիտենք, թե ով է լինելու:

Ի՞նչն է նա համարում խիզախություն, ո՞րն է իր կյանքի ամենախիզախ քայլը:

Նշենք, որ Էդմոն Մարուքյանը եւս ԱԺ-ում երիտասարդ նորաբնակներից է, պատգամավոր է ընտրվել Վանաձորից` բոլորի համար անակնկալ հաղթելով այդտեղ անպարտելի թվացող նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին: Էդմոն Մարուքյանը կրթություն է ստացել արտասահմանյան հաստատություններում, միջազգային իրավունքի մագիստրոս է, ՀՀ փաստաբանների պալատի  անդամ: Աշխատել է որպես իրավաբան, փաստաբան, դասախոսել է:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ Եսայանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե Էնֆիաջյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի,  Հրանտ Բագրատյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր Քոքոբելյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ ՄինասյանիԱղվան Վարդանյանի, Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ