News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում կեսարյան հատումները ունեն միջին հաճախականություն եւ 20- 22 տոկոս են կազմում: Այսինքն` 100 կնոջից 20-22-ը ծննդաբերում են կեսարյան հատման եղանակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության  աշխատակազմի  մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյանը:

Համեմատության համար նշենք, որ մինչեւ 2005թ-ը ունեինք 10-11 տոկոս կեսարյան հատումներ: Հարկ է նաեւ նշել, որ Հայաստանում կեսարյան հատումները կատարվում է բժշկական ցուցումներով, եւ եթե կեսարյան հատումները Հայաստանում թողնվեր կանանց հայեցողությանը, ապա կեսարյան հատումները, ըստ Գայանե Ավագյանի, կհասնեին 35-40 տոկոսի, ինչպես աշխարհի շատ երկրներում է: Մասնավորապես ԱՄՆ-ում կեսարյան հատումները կազմում է 32 տոկոս, այսինքն` 100 կնոջից 32-ը կեսարյան հատմամբ է ծննդաբերում, Իտալիայում` 33 տոկոս, Շվեյցարիայում` 32 տոկոս , Թուրքիայում` 38, Ավստրալիայում  30, Գերմանիայում` 29, Մեքսիկայում` 44 տոկոս, եւ այլն:

Կեսարյան  հատումը ծննդալուծման մի եղանակ է, որի ժամանակ պտղի դուրսբերումը կատարվում է որովայնի պատի եւ  արգանդի կտրվածքի միջոցով: Վերջին երկու տասնամյակում կեսարյան հատման միջոցով ծննդալուծումների հաճախականությունն աճել է մոտավորապես 1,5 անգամ եւ տարբեր երկրներում տատանումը հասնում  է 45 տոկոս եւ նույնիսկ ավելի: 

Կեսարյան հատումները Գայանե Ավագյանի փոխանցմամբ, ամբողջ աշխարհում բարձրացման միտում ունեն, քանի որ լայնացվել են պտղի կողմից կեսարյան հատման ցուցումները  կապված պտղի ներարգանդային վիճակի գնահատման եւ շեղումների հայտնաբերման  հնարավորությունների  ժամանակին հայտնաբերման  հետ,  ինչպես նաեւ  կնոջ ընտրությամբ կեսարյան հատման կատարելը: Բավական հաճախ է կեսարյան հատման վիրահատությունը կատարվում պտղի շահերից ելնելով (պտղի ներարգանդային աճի դանդաղում, խոշոր քաշ, պտղի հիպօքսիա, կոնքային առաջադրություն), նաեւ երբ ծննդաբերության ժամանակ տրավմատիզմի եւ մահվան վտանգ կա եւ այլն: Բացի պտղի գործոններից Կեսարյան հատումների հաճախականության վրա ազդող ընդհանրական գործոններն հետեւյալն են «Ծննդաբերությունների ավելացում ` «տարիքավոր» 30-տարեկանից բարձր առաջնածին կանանց շրջանում, պտղի էլեկտրոնային մոնիտորինգի միջոցով հիպօքսիայի հայտնաբերում, կոնքային, տոտիկային առաջադրության, միջաձիգ դրության դեպքում կեսարյան հատմամբ ծննդալուծմանը նախապատվություն տալը, կրկնակի կեսարյան հատումների թվի մեծացում  եւ այլ պատճառներ»:

Գայանե Ավագյանի խոսքով, նախկինում կանանց  որոշ հիվանդությունների դեպքում, օրինակ սրտի, երիկամի հիվանդություններ, շաքարային դիաբետ եւ այլն, հղիությունը հակացուցված էր, ներկայումս շնորհիվ բժշկագիտության զարգացման, նրանց  ոչ միայն  «թույլատրվում է հղիանալ, այլ նաեւ ծննդաբերել ,իհարկե հաճախ կեսարյան հատման միջոցով: Բացի այդ, տարիներ առաջ անբուժելի համարվող չբերությունը այսօր հաղթահարվում է  փորձանոթային բեղմնավորման եւ  վերարտադրողական օժանդակ այլ տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք նույնպես հղիացած կնոջ մոտ հաճախ պահանջում են կեսարյան հատում: Գայանե Ավագյանի խոսքով, մայրական մահացությունը կեսարյան հատումների դեպքում կազմում է 0,1-0,2% եւ հիմնականում ավելի շատ կախված է վիրահատական ծննդալուծման ցուցումներից, քան բուն վիրահատությունից, ինչպես նաեւ ոչ հազվադեպ անզգայացման բարդություններից: Կեսարյան հատումը բարդ միջամտություն է, որը մայրական եւ պերինատալ բարդությունների կանխարգելման լայն հնարավորություններով հանդերձ, պետք է կատարվի միայն  հիմնավորված ցուցումներով եւ ոչ թե կնոջ պահանջով: «Կեսարյան հատման դեպքում կնոջ կյանքը եւ առողջությունը վտանգող ռիսկը բնական ուղիներով ծննդաբերությունների համեմատությամբ մոտ 1,5-2 անգամ ավելի մեծ  է: Ուստի կեսարյան հատումը կատարվում է խիստ ցուցումներով:  Կեսարյան հատման ցուցումները բաժանվում են բացարձակ  եւ հարաբերական խմբերի: Կեսարյան հատման կենսական (բացարձակ) ցուցումները մարմնական, հղիության եւ ծննդաբերության այն վիճակներն են, որոնց դեպքում ծննդաբերությունը բնական ուղիներով անհնարին է կամ սպառնում է կնոջ կյանքին: Հարաբերական (նախազգուշական) են կոչվում այն հիվանդություններն, որոնց դեպքում առողջ եւ կենսունակ պտղի ծնունդը բնական ուղիներով կասկածելի է»,- մանրամասնեց Գայանե Ավագյանը: Ինչպես նաեւ փոխանցեց, որ կեսարյան հատումները Հայաստանում նպաստել են մայրական եւ նորածնային մահացության, ինչպես նաեւ մոր եւ մանկան հաշմանդամության կրճատմանը մի քանի անգամ:

Ավելին, ըստ Գայանե Ավագյանի, ծննդաբերությունը լինելով լիովին ֆիզիոլոգիական պրոցես,  դրականորեն է անդրադառնում նորածնի արտարգանդային հարմարման վրա, քանի որ ծննդաբերության ընթացքում պտուղը անցնելով ծննդաբերական ուղիներով նրա մոտ արտադրվում են ադապտացիոն բիոգեն ակտիվ նյութեր` նորադրենալին, ադրենալին, սերոտոնին եւ այլն:  Հարկ է նաեւ նշել, որ բնական ճանապարհով ծննդաբերելու դեպքում  կնոջ կազմվածքը չի  «փչանում»: «Կարծում եմ յուրաքանչյուր առողջ կինը  անպայման պետք է զգա եւ բերկրանք ապրի երկունքով եւ նրա արդյուքում հրաշքի կայացմանը ` նորածնի ծննդին»,- ավելացրեց Գայանե Ավագյանը եւ ավելացրեց, որ կեսարյան հատումը  վիրահատությունն է, իր հնարավոր  վտանգներով եւ պետք է կատարվի միայն բժշկական ցուցումներով:

Տպել
Ամենաշատ