News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներկայումս Սիրիայում տիրող իրավիճակի հետագա զարգացումները դժվար է կանխատեսել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արեւելագետ Կարինե Գեւորգյանը:

Նրա խոսքով Սիրիայում  դեպքերը զարգանում են իրենց սեփական սցենարով: Նախագահ Ասադը շատ հետաքրքիր քայլ է կատարել. նա քրդերին գրեթե տվել է այն ազատություններն ու իրավունքները, որոնց համար նրանք պայքարում էին եւ դաձրել է նրանց ալավիների դաշնակից: Եթե հաշվի առնենք, որ նա չեզոքացրել է քրդերին, ապա արդեն կարելի է ասել, որ մեծ աշխատանք է կատարվել: Շատ բան կախված կլինի Սիրիայի քրիստոնեական համայնքներից: Լրատվությունում ի հայտ են եկել տեղեկություններ այն մասին, որ արաբ-քրիստոնյաների մեծ մասը աջակցում են ընդդիմադիրներին, սակայն դա կարող է ապատեղեկատվություն  լինել:

Ինչ վերաբերում է Սիրիայի մերձակա հարեւաններին, նրա խոսքով, Իսրայելի բարձր շրջանակներում, չնայած Ասադի եւ նրա հոր  հանդեպ ունեցած խիստ  բացասական վերաբերմունքին, խուսափում են Սիրիայում ընդդիմադիր ուժի իշխանության գալուց, քանի որ Սիրիայում տիրող քաոսը շատ վտանգավոր է Իսրայելի համար: Այդ պատճառով Իսրայելը ձգտում է հեռանալ սիրիական հարցից: Ինչ վերաբերում է սահմանում ակտիվացած Թուրքիային, ապա ուղիղ հարձակման նա չի դիմի, ենթադրում է փորձագետը:

Հաշվի առնելով իրանական աջակցությունը, ինչպես նաեւ  ռուսական եւ չինական թույլ աջակցությունները, դժվար է կանխորոշել, թե ինչով կավարտվի այս ամենը Սիրիայում:

Միեւնույն ժամանակ մոտակա ժամանակներս ապակայունացման վտանգ կա հենց Թուրքիայում: Կ. Գեւորգյանի խոսքով, թուրքական կառավարությունը ստիպված կլինի դիմել բանակին, իսկ վերջին ձերբակալությունների հետ կապված կառավարության եւ գեներալների հարաբերությունները շարունակում են  լարված մնալ: Բացի այդ Թուրքիայում ակտիվացել է «Քրդական աշխատավորական կուսակցությունը»: Այսպիսով, Թուրքիան խաղում է երկու ճակատներում. մի կողմից նա չի ցանկանում վիճել ԱՄՆ-ի հետ, իսկ մյուս կողմից էլ քննարկումներ է վարում իրանցիների հետ, քանի որ իրականում Իրանից շատ բան է կախված:

Այնպես որ մոտակա ժամանակները, փորձագետի գնահատականով, Սիրիայի անկայունությանը կարող է ավելանալ նաեւ թուրքական լուրջ ապակայունությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ