News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 05
USD
485.43
EUR
540.72
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանի ծնողները, ովքեր պատրաստվում էին բողոքարկել  Սյունիքի մարզի Գորիսի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որի համաձայն Եղնիկների զորամասում Նարեկին աչքից զրկած  ենթասպա Արմեն Թովմասյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման, մտափոխվել են եւ չեն բողոքարկի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Ավետիսյանի հայրը` Արկադի Ավետիսյանը:

Նրա խոսքով,  դա բոլորվին չի նշանակում, որ իրենք գոհ են դատարանի վճռից: Վերջինս իրենց որոշման փոփոխությունը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Մտածեցի եւ հասկացա, որ մեխի գլխին բռունցքով խփելը սուտ ա, իմաստ չունի, ի՞նչ բողոքեմ: Կամ, որ բողոքեմ, ի՞նչն ա փոխվելու: Ոչ մի բան էլ չի փոխի: Իզուր տեղը պետք է ժամանակս կորցնեմ, ներվայնանամ, նորից գնամ-գամ, գնամ-գամ: Արդեն մեկ ամսից ավել է, ինչ դատը ավարտվել է, բայց նույնիսկ ծանուցում չեն ուղարկել: Ի՞նչի մասին է խոսքը»:

Արկադի Ավետիսյանից տեղեկացանք, որ իրենց նույնիսկ դատերին էլ չեն հրավիրել, սակայն, եթե հրավիրեին, չէր գնալու: «Ես հո միլիոնատեր չէի, որ այդքան գնայի Ղարաբաղ գայի: Մի քանի անգամ գնացի, հերիք էր: Աշխատեմ, երեխայիս պահեմ, թե ճանապարհածախսի փող տամ գնամ Ղարաբաղ, որ դատավորը հերթական անգամ գա ասի` 10 օր ընդմիջում»:

Հայրը հայտնեց, որ Նարեկը ներկա պահին ոչինչով չի զբաղվում եւ դեռ հայտնի չէ, թե առաջիկայում ինչով կզբաղվի: Հիշեցնենք, որ Նարեկն ավարտել է Սուրբ Թերեզայի բժշկական քոլեջը: Իսկ Նարեկ Ավետիսյանի մայրը` Աննա Հակոբյանը NEWS.am-ին հայտնել էր, որ  երբ Նարեկն իմացել է, որ մի աչքը այլեւս չի տեսնելու ավելի ինքնամփոփ է դարձել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանի աչքը շղթայի հարվածով վնասած ենթասպա Արմեն Թովմասյանին Սյունիքի մարզի Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Սույն հոդվածով առավելագույն պատիժը 7 տարի էր: Արմեն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ  վերջինս հանդիսանալով թիվ N զորամասի ճաշարանի պետ-խոհարար հրահանգիչ, 2011թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում զորամասի ճաշարանի սրահում մեկ անգամ բռունցքով հարվածել է նույն զորամասի ինժեներա-սակրավորական վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին, այնուհետեւ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ քաշել նրան եւ  հայհոյելով իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով աջ աչքի ծանր մարմնական վնասվածք: Տեղեկացրել էինք նաեւ, որ 26-ամյա Արմեն Թովմասյանն ունի  բարձրագույն կրթություն, ամուսնացած է եւ  խնամքին  ունի 2 երեխա` 1 տարեկան եւ 3 ամսական, նախկինում դատված չի եղել: Սույն գործով կալանքի տակ է 2011-ի դեկտեմբերի 16-ից: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ  375-րդ հոդվածի 1-ին մասով եւ  իրեն մեղավոր է ճանաչել:

 

Տպել
Այս թեմայով
Ամբողջ
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news