News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներում դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար Հայաստանում հայտերի ընդունումը ավարտվել է օգոստոսի 20-ին եւ այժմ կատարվում  է ամփոփում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Նա տեղեկացրեց, որ հայտերը շատ-շատ են եղել, պարզապես դրանից կեսից շատը չի համապատասխանում չափանիշներին, օրինակ` մասնակցի տարիքը, երգերի գրագետ տեքստը, դրանց 25 տոկոսը օտար լեզվով լինելու հանգամանքը եւ այլն: Հայտեր եղել են Երեւանից, Արմավիրից, Գեղարքունիքից:

«Հայտերը շատ են, սակայն ներկայացված չափանիշներին համապատասխանում է մոտավորապես 20 երգ, որոնք հիմնական մրցակիցներ են լինելու»,- ասաց նա:

Այս 20 մասնակիցներից ժյուրին ընտրելու է լավագույններին` մոտավորապես 10 հոգի, եւ սեպտեմբերի կեսերին կայանալու է հայաստանյան նախընտրական հիմնական եզրափակիչ փուլը, որը կլինի շոու ծրագիր, ուղիղ եթերով կհեռարձակվի  հեռուստատեսությամբ, ինչի արդյունքում 50/50 սկզբունքով` ժյուրին եւ հեռուստադիտողները` քվեարկությամբ, կընտրեն Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնող մասնակցին: Հայաստանի մասնակցի անունը  պետք է հայտնի լինի ամենաուշը մինչեւ հոկտեմբերի կեսը:

Ի դեպ, այս տարվա հայտատուների մեջ կան նաեւ հայտնի անունները, ինչպես օրինակ` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստր Անգելինա Գասպարյանը, նախորդ տարվա մասնակիցներից Վահագն Գրիգորյանը, Միլենա Միսկարյանը, «Սթար» խումբը: «Շատ դրական կարծիք եմ կազմել, բազմաթիվ լավ երգեր կան»,- ասաց Գոհար Գասպարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայտերի ընդունումը: Բոլոր ցանկացողները հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար կարող են դիմել մինչեւ օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում:

Նշենք, որ  Հայաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հաղթող էր ճանաչվել Վրաստանից Candy խումբը, որի երգչուհիներից մեկն էլ հայուհի է` Աննա Խանչալյան: Իսկ «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը կկայանա  դեկտեմբերի 1-ին Նիդերլանդներում, քանի որ մրցույթն անցկացնելու հայտը շահել է այդ երկիրը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ