News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Սիրիայի հայկական թաղամասերում որեւէ ավերածություն, խուճապային իրավիճակ չկա, ուղղակի մարդիկ խուսափում են փողոց դուրս գալուց, որովհետեւ եթե փողոցներում բախումներ կան. վտանգավոր է, ցանկացած անզգույշ շարժում կարող է վնաս պատճառել: Այս մասին օգոստոսի 21-ին ասաց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` օդանավակայանում ամառային հանգիստն Հայաստանում անցկացնելու նպատակով այստեղ ժամանած սիրիահայ երեխաների երրորդ խումբը դիմավորելու ժամանակ:

Նախարարի խոսքով` որեւէ մեկին պարտադրել իր տնից դուրս գալ եւ գալ, ոչ մեկ չի կարող, սակայն եթե նրանք` սիրիահայերը,  ուզում են գալ, ապա դրա համար ավելացվել են թռիչքները: «Յուրաքանչյուր պահ թելադրում է նոր իրավիճակ,  նորից եմ կրկնում` ինչքան վիճակը ծանր է, գալու ցանկություն ունեցողներ շատ կլինեն, ինչքան վիճակը կայուն է կամ գոնե տանելի է, այնքան մարդիկ գերադասում են մնալ իրենց տներում»,- ասաց նա` Սիրիայում ստեղծված իրավիճակը հայերի համար գնահատելով որպես տանելի, քանի որ չունեն այն խուճապը, որ «շտապ օդանավեր ուղարկեք, ցանկանում ենք դուրս գալ այստեղից»: Նա նաեւ նշեց, որ սիրիացիները չեն ցանկանում տեղափոխվել Լիբանան, «նման բան չկա, որոշ ընտանիքներ են միայն տեղափոխվել»:

Նախարարը տեղեկացրեց, որ Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանից Սփյուռքի նախարարությունը լուր է ստացել, որ օգոստոսի 21-ին Հալեպը կառավարական զորքերն են վերահսկում: «Փառք ու պատիվ մեր հայկական համայնքին, նրանք իրենց չեզոքությամբ կարողանում են պահպանել հանգստություն եւ կայունություն համայնքում, որպեսզի չանցնեն մեկի կամ մյուս կողմը եւ ավելորդ  լարվածություն լինի»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով սիրիահայ երեխաների Հայաստանում սովորելու խնդիրներին` սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ նախարարությունում ստեղծել են սփյուռքահայերից բաղկացած աշխատանքային խումբ եւ փորձում են հասկանալ, թե ինչպիսի դպրոցներում երեխաները պետք է սովորեն:

Կա երեք տարբերակ, առաջինը, որ երեխան սովորի մեր սովորական դպրոցում, այդ իսկ նպատակով Շահումյանի անվան դպրոցում բացվել է արեւելահայերի ուսուցման արագացված կուրսեր, որտեղ 50 երեխա այսօր սովորում է: Երկրորդ տարբերակն այն է, որ դպրոցներում որոշակի դասարաններում իրականացնեն արեւմտահայերի ուսուցում, ինչի համար կան  Սիրիայից եկած ուսուցիչներ, որոնք կարող են ուսուցում տալ երեխաներին: Երրորդ տարբերակն էլ այն է, որ այստեղ սիրիական դասարաններ ստեղծվեն, երեխաները կրթությունը շարունակեն սիրիական ծրագրով, սիրիական ծրագիրը համադրվի հայկական ծրագրի հետ, այս ծրագրով պետք է սովորեն այն ընտանիքները, որոնք մտադիր են հետագայում վերադառնալ Սիրիա:, այս տարբերակը ԿԳՆ-ի հետ  քննարկման փուլում է: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ակնկալում են մինչեւ սեպտեմբերի 1-ին հստակություն մտցվի այս հարցում եւ կոնկրետ որոշում լինի` համապատասխան քայլեր ձեռնարկելու նապատակով:  Սփյուռքի նախարարի խոսքով` քիչ չեն նաեւ այն  երիտասարդները, ովքեր ցանկանում են այստեղի բուհերում սովորել: Այս առումով նրանք հարց են բարձրացրել, որ եթե երեխան նվազագույն գիտելիք ունի, սովորի առաջին կուրսում, ոչ թե նախապատրաստական, քննարկել են նաեւ, որպեսզի Սիրիայի երիտասարդների եւ Հայաստանի երիտասարդների ուսման վարձը նույնացվի:

Հրանուշ Հակոբյանի խոսքով`  այսօր Հայաստանում մոտ 1500 սիրիահայ կա,  այսինքն` մոտավորապես 250-300 երեխա կա, որոնց մասին պետք է մտածել: Նրանց  մի մասը տեղավորված է Երեւանում, մի մասը` մարզերում: Նախարարի խոսքով` Հնչակյան կուսակցությունը պարտավորություն է վերցրել վճարել ուսուցիչների գումարը, ինչպես նաեւ երեխաների տրանսպորտային ծախսերը` դպրոց տեղափոխելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը  օգոստոսի 2-ի նիստի ժամանակ 9 միլիոն դրամ (մոտ 22 հազար դոլար)  է հատկացրել Տարածքային կառավարման նախարարությանը` սիրիահայ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար: Մինչ օգոստոիս 21-ը, Սիրիայից Հայաստան էր ժամանել երեխաների երկու խումբ: Առաջինը` Դամասկոսից Հայաստան էր ժամանել շուրջ 120 երեխա, երկրորդ խումբը` Հալեպից շուրջ 150 երեխա եւ երրորդ խումբը եւս Հալեպից` շուրջ 150 երեխա: Սիրիահայ երեխաները հանգստանում են Հանքավանի «Լուսաբաց» եւ «Հասմիկ» ճամբարներում: Դամասկոսից ժամանած երեխաների 14-օրյա հանգիստը ավարտվելու է օգոստոսի 23-ին, Հալեպից ժամանած առաջին խմբի երեխաներինը` օգոստոսի 28-ին, իսկ Հալեպից ժամանած երկրորդ խմբի երեխաների հանգիստը` սեպտեմբերի 4-ին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ