Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 18-ին, տեղի կունենա հայ եւ ֆրանսիական երիտասարդական նվագախմբերի համատեղ համերգ՝ նվիրված հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին։
«Նարեկացի» միությունից հայտնում են, որ համերգին կմասնակցեն Նարեկացի ժողնվագարանների համույթը (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան) եւ Ֆրանսիայի Վիեն քաղաքից ժամանած «ՍԻԵՄ» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Ֆրանսուազ Տեզ-Տուղնյե):
Առանձին եւ միացյալ կազմով՝ նվագախմբերը կկատարեն հայ հոգեւոր երաժշտություն, աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր ու պարեղանակներ, ֆրանսիական ժողովրդական երաժշտություն, հայ եւ համաշխարհային կոմպոզիտորների դասական եւ ժամանակակից ստեղծագործություններ:
Համերգը կազմակերպել է Նարեկացի արվեստի միությունը՝ «Ադաջիո» երաժշտական մշակութային հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Մուտքն ազատ է:




























