News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության բնագավառին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Սարգսյանը նշել է. «Պետք է հասկանալ, թե այս բնագավառում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճի միտումներն ինչու են նվազել 4,4 տոկոսով՝ չնայած այն հանգամանքին, որ առողջապահության ոլորտում բավականին լուրջ միջոցառումներ ենք իրականացրել ծառայությունների ավելացման եւ ստվերի նվազման նպատակով: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ ֆինանսավորումը չի պակասել, բացի այդ, ներդրվել է ապահովագրական մեծ փաթեթը: Այս կարեւոր գործոններն առկա են ՀՆԱ-ի աճին նպաստելու համար: Կարծում եմ՝ այստեղ մեկ բացատրություն գոյություն ունի՝ ավելացել է ստվերայնությունը: Այսինքն, բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը, եւ մենք  յուրաքանչյուր հիվանդանոցում պետք է ստուգումներ իրականացնենք»:

Կառավարության ղեկավարը զարմանքով է արձանագրել, որ Առողջպահության նախարարությունում ըստ բուժհաստատությունների ամսական մոնիթորինգ գոյություն չունի, հաշվետվությունների հավաքագրման ուղղությամբ նախարարությունում միջոցառումներ չեն ձեռնարկվել եւ փաստացի բացակայում են համախառն ներքին արդյունքի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշները:

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին իր գլխավորած գերատեսչությունում ներդնել մոնիթորինգային համակարգ եւ յուրաքանչյուր ամիս հանրապետության 466 բուժհաստատություններից օպերատիվ կերպով պահանջել համապատասխան հաշվետվություններ:

Խորհրդակցությանը ներկա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն առաջարկել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել եւ իրականացնել ստվերի դեմ պայքարի հստակ ծրագրեր: Որպես այս ոլորտում առկա ստվերայնության ապացույց՝ ՊԵԿ նախագահը փաստել է, որ հանրապետության փոքր քաղաքներից մեկի հիվանդանոցը Երեւանի հզոր առողջապահական կենտրոններից ավելի մեծ հարկային մուտքեր է ապահովել:

Խորհրդակցության ավարտին ՀՀ վարչապետն ընդգծել է, որ սեպտեմբերին կամփոփվեն բուժհիմնարկներում իրականացվելիք ստուգումների արդյունքները: Տիգրան Սարգսյանը հորդորել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին խոչընդոտների դեպքում անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ