News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայ սպային գիշերը կացնահարելու համար ցմահ ազատազրկման ենթարկված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու նպատակով Հունգարիայի Կառավարությունը 3 մլրդ դոլար արժողությամբ գործարք է կնքել, սակայն մինչ այժմ այդ 3 մլրդ դոլարը չի տրվել Հունգարիային: Այս մասին այսօր`  սեպտեմբերի 1-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունգարացի հայագետ Զիգմունդ Բենեդեկը:

Հունգարացի հայագետի կարծիքով` խոստացված գումարը փոխանցվելու է, կամ էլ կարող է չփոխանցվել, բայց արդեն Ադրբեջանը մեկ անգամ խաբել է Հունգարիային` ներում շնորհելով Ռամիլ Սաֆարովին եւ նրան ազատ արձակելով: «Հունգարիայի կառավարությունը, տեղյակ լինելով, որ հանցագործին ներում շնորհելու վտանգ կա, երաշխիք է պահանջել Ադրբեջանի կառավարությունից եւ Ադրբեջանի արդարադատության նախարարության կողմից նման երաշխիք տրվել է: Հունգար Կառավարությունը հավատացած էր, որ Սաֆարովը նույն պատժամիջոցը կշարունակի կրել»,- նշեց նա:

Ւսկ թե ինչու կառավարությունը գնաց այդ քայլին եւ ինչու հենց Ադրբեջանի հետ նման գործարքի գնաց, Զիգմուն Բենեդեկը նշեց, որ Հունգարիայի տնտեսությունը ծայրահեղ վատ վիճակում է, դրա գոյատեւումը հարցականի տակ է,  երկիրը տնտեսական եւ ֆինանսկան ծանր կացության մեջ է: Նրա խոսքով` Հունգարիային մինչ այդ գործարքին գնալը փորձել է տարբեր միջոցներով տարբեր տեղերից օգնություն ստանալ, սակայն որոշ քաղաքական պատճառներով դա չի հաջողվել, եւ քանի որ միջազգային ֆոնդերից չի ստացել այդ օգնությունը, իսկ Ադրբեջանը խոստացել է տալ այդ գումարը, դա շատ համոզիչ առաջարկ է թվացել Հունգարիայի կառավարությանը:

Ավելի վաղ NEWS.am-ն հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին

Նշենք, որ հունգարական լրատվամիջոցները եւս գրել էին, որ  Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը կարող է Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ 3 մլրդ եվրո արժողությամբ գաղտնի գործարքի մաս լինել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ