News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մագա-դանս» պարի համույթի ղեկավար, 27-ամյա Մարգարիտա Գիժլարյանի վթարի ենթարկվելու հետեւանքով մահանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով արդեն մի քանի նիստ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից:

Այս գործով ամբաստանյալ` «BMW» մակնիշի ավտոմեքենան վարող Ռոման Հակոբյանի խափանման միջոցը չի փոխվել, նա շարունակվում է մնալ կալանավորված: Նրան մեղադրանք էր առաջադրվել, քանի որ չունենալով վարորդական իրավունքի վկայական եւ գտնվելով 0,46 աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում,  հունիսի 13-ին, ժամր 01.30-ի սահմաններում, իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի 33 ԼՕ 321 պ/հ ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժամը գերազանցող՝ շուրջ 90-100 կմ/ժամ արագությամբ, չի միացրել ավտոմեքենայի վթարային-լուսային ազդանշանը, չի փոխել երթեւեկության գոտին, ժամանակին կատարած արգելակումով չի դանդաղեցրել իր ավտոմեքենայի րնթացքը, ինչի արդյունքում ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընդհարվել բորդյուրին, այնուհետեւ՝ Երեւան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 32 էլ. սյանը, որի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր Մարգարիտա Գիժլարյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Այս գործով արդեն կայացել է 2 դատական նիստ, իսկ վերջին դատական նիստը, որը նշանակված էր սեպտեմբերի 7-ին, հետաձգվել է: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 10-ին:

Անդրադառնալով դատաքննության ընթացքին`Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում ցուցմունքներ են տվել  տուժողի իրավահաջորդը` հայրը, եւ այլ վկաներ: Ցուցմունքների համաձայն` պարզվել է, որ տուժողի` Մարգարիտա Գիժլարյանի մոտ դեպքի պահին եղել է ավելի քան 200 հազար դրամ եւ երկու բջջային հեռախոս: «Նախաքննության ընթացքում հայտնաբերվել է միայն մեկ բջջային հեռախոսը, անհայտ է 200 հարյուր հազար դրամի եւ մյուս բջջային հեռախոսի ճակատագիրը»,- նշեց Արսեն Բաբայանը: Միաժամանակ պարզվել է, որ գործով անցնող մյուս վկան, ով եղել է դեպքի վայրում` մեքենայի մեջ, ունեցել է բջջային հեռախոս, որը չի հայտնաբերվել նախաքննության ընթացքում: «Այս կապակցությամբ դատարանը  արձանագրությունը` վկաների ցուցմունքներով հանդերձ, ուղարկել է Երեւան քաղաքի դատախազություն, որտեղից Երեւանի Կենտրոն համայնքի դատախազությանը հանձնարարվել է ընթացք տալ եւ պատրաստել նյութեր»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Ռ. Հակոբյանը, հունիսի 13-ի գիշերը, վարելով «BMW» մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը, ինչի հետեւանքով մեկ մարդ՝ պարուսույց, «Մագա-դանս» պարի համույթի ղեկավար 27-ամյա Մարգարիտա Գիժլարյանը (Մագա) մահացել է, ի 3-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Այնուհետեւ Ռոման Հակոբյանը ձերբակալվել է: Բժշկական հետազոտման ենթարկվելուց հետո պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ռոման Հակոբյանը անշարժ գույքի գործակալության տնօրեն է։

Մագայի ընկերների փոխանցմամբ, նա եղել է «Gold star» խմբի պարուհիներից մեկը, այնտեղից դուրս գալուց հետո բացել է իր անհատական խումբը: Նրա ղեկավարած խումբը եւ անձամբ Մագան հիմնականում պարում էին լատինամերիկյան, ժամանակակից պարեր, ելույթներ ունենում տարբեր ակումբներում, երգիչ, երգչուհիների համերգներին, օրինակ` երգչուհի Նանայի, երգիչ Արտաշ Ասատրյանի մենահամերգին, եւ տեսահոլովակներում, օրինակ` Արման Հովհաննիսյանի «Կորել եմ, կորել եմ», Նարեկ Բավեյանի, Արծրուն Ասատրյանի, Նանայի տեսահոլովակներում: Հեռուստադիտողներին Մագան ծանոթ է նաեւ «Հ2» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Մեր շոու» հաղորդումից: 

Տպել
Ամենաշատ