News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տեսանելի ապագայում ես չեմ տեսնում այն հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը կհամաձայնի Իլհամ Ալիեւի հետ դեմ առ դեմ բանակցություններ վարել։ Այդ մասին առցանց ասուլիսի ընթացքում հայտնել է «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դը Վաալը։

«Բացի այդ, կա սպառնալիք, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղը կճանաչի իբրեւ անկախ պետություն։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտում իմ զրույցներից ես հասկացա, որ նրանց կարծիքով դա վերջ կդնի Մինսկի խմբի գործընթացին, եւ այլեւս ոչինչ չի մնա, ինչի շուրջ Բաքուն եւ Երեւանը կարող են բանակցություններ վարել»,- հայտարարել է Թոմաս դը Վաալը։

«Բարոյական տեսանկյունից զազրելի է տեսնել, թե ինչպես է քնած մարդուն կացնահարած անձը հերոսի կարգավիճակ ստանում։ Հարցի այդ կողմի մասին կարելի է ասել հետեւյալը. Ես Ադրբեջանի կառավարության գործողություններին ոչ մի արդարացում չեմ գտնում»,- հայտարարել է փորձագետը, մեջբերում է ադրբեջանական «Հայելի» թերթը։  Թոմաս դը Վաալի խոսքով, քաղաքական տեսանկյունից Ադրբեջանի այդ քայլը մեծ սխալ էր. «Հնարավոր է, նրանք երկրի ներսում այդ ռասիստական քայլի որոշակի աջակցություն ստացան, սակայն այդ դեպքը լուրջ վնաս հասցրեց երկրի միջազգային իմիջին»։

Դը Վաալը միջնորդական առաքելության ձեւաչափի փոփոխության կողմնակից չէ։

Ձեւաչափի փոփոխությունը չի փոխի հակամարտող կողմերի  միջեւ առկա  անդունդը եւ որեւէ փոխզիջման գնալու նրանց ցանկության բացակայությունը։

«Այդ իրավիճակը չէր կարող փոխել անգամ Ռիչարդ Հոլբրուքից, Նելսոն Մանդելայից եւ Դալայ Լամայից կազմված միջնորդական խումբը։

Այդ գործընթացն ուղղորդում են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, եւ նրանք են որոշում, թե ինչն է նրանց համար ընդունելի, ինչը՝ ոչ»,- կարծում է փորձագետը։ Թոմաս դը Վաալի խոսքով, միջնորդական առաքելության ձեւաչափի փոփոխությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հակամարտության սպառնալիքն աճի այն աստիճանի, որ միջազգային խաղացողները Հայաստանին ու Ադրբեջանին որեւէ որոշում պարտադրելու անհրաժեշտություն տեսնեն, ինչին դեմ կլինեն երկու կողմերն էլ։ «Նրանք, ովքեր միջազգային ավելի ծավալային միջամտություն են փնտրում, այնքան էլ հստակ չեն գիտակցում, թե ինչ են ուզում», - պնդում է փորձագետը։

Թոմաս դը Վաալը կարծում է, որ Սաֆարովին ներում շնորհելուց հետո հարց է ծագում, հնարավո՞ր է հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը։

Փորձագետը դա միանգամայն հնարավոր է համարում. «Ապագայում նրանք կարող են միասին բնակվել նաեւ Ղարաբաղում եւ նրա շրջակայքում։ Տվյալ պարագայում կարեւոր է, որպեսզի այնտեղ  վստահություն ներշնչող ոստիկանական ուժեր լինեն, որոնք կարող են ապահովել պաշտպանությունն ու անվտանգությունը։ Ըստ իս, դրանք միջազգային ոստիկանները պետք է լինեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ