News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունգարիայի ղեկավարությունը գիտեր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը ներման է արժանանալու Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը «Մեդիա-ֆորումին» տված հարցազրույցում:

«Ռամիլ Սաֆարովի ներման հարցում մենք թափանցիկ կերպով հավատարիմ ենք մնացել միջազգային իրավունքին եւ Ադրբեջանի օրենսդրությանը: Հունգարական կողմից Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին իրականացվել է օրենքով եւ հիմնված է եղել Պետությունների միջեւ դատապարտված անձանց փոխանցման եվրոպական կոնվենցիայի վրա: Հունգարիայի ղեկավարությունն իմացել է, որ Ռամիլ Սաֆարովը կարող է ներման արժանանալ: Նա նաեւ գիտեր, որ կայացված դատավճիռը համարժեք չէր արված գործողությանը, ինչի մասին բազմիցս հայտարարել ենք»,- ասել է Հասանովը` հավելելով, որ նման դրույթներ կան նաեւ կոնվենցիայում:

Նշենք, որ միջազգային հանրության բուռն արձագանքից հետո Հունգարիայի իշխանությունները մի ամբողջ արշավ էին սկսել` ցուցադրելու իրենց «անտեղյակությունը»: Հունգարիայի արդարադատության նախարարությունը Սաֆարովի արտահանձման կապակցությամբ հայտարարություն էր տարածել եւ նշել. «Ադրբեջանը պաշտոնական նամակով երաշխավորել է, որ Սաֆարովը Բաքվում շարունակելու է պատիժ կրել»: Գերատեսչությունը նշել էր, որ չէր ակնկալում, որ Սաֆարովին կազատեն պատժի կրումից: Բացի այդ Հունգարիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Ադրբեջանի դեսպանին:

Նշենք, որ հայկական կողմը եւս չէր հավատում, որ հունգարական կողմը տեղեկացված չի եղել Ադրբեջանի մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ