News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 24-ամյա Վահե Սիսակյանը  ամուսնության նպատակով առեւանգել է Նաիրա Նորիկյանին եւ ավելի ուշ պարզել, որ նա շուրջ 5 տարի է ամուսնացած է եւ ունի 2 երեխա (տուժողի եւ ամբաստանյալի անուն-ազգանունները փոխված են ներկայացված):

Արարատի եւ Վայոց  Ձորի մարզ ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվել է իրենց մոտ: Ամբաստանյալ Վահե Սիսակյանը  ՀՀ  քրեական օրենսգրքի, 131-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր  է ճանաչել եւ ցուցմունք տվել այն մասին, որ 2009 թվականին, հեռուստահաղորդման շրջանակներում, ծանոթություններ հաստատելու համար, իր հեռախոսահամարը փոխանցել է հեռուստաեթեր: Որոշ ժամանակ անց իր հեռախոսին զանգ է եկել եւ ինքը նշված համարով հետ զանգահարելով, ծանոթացել է Նաիրայի  հետ: Նաիրան  իրեն ներկայացել է այլ անունով եւ ասել, որ բնակվում է Երեւան քաղաքի 15-րդ թաղամասում: Դրանից հետո շուրջ երկու տարի իրենք շփվել են հեռախոսազանգերով, ընթացքում 4-5 անգամ հանդիպել են Արտաշատ քաղաքում: Ինքը համակրել է Նաիրային, եղել են նորմալ հարաբերությունների մեջ, նպատակ է ունեցել ամուսնանալ նրա հետ ու համատեղ կյանքով ապրել, իսկ հեռախոսով շփվել են գրեթե ամեն օր:

Հերթական հեռախոսազանգի ժամանակ Նաիրան  հայտնել է իրեն, որ նրա ծնողները դեմ են իրենց հարաբերություններին եւ որոշել են նրան ուղարկել Ռուսաստան: Որոշել են հանդիպել ու հրաժեշտ տալ միմյանց: Արտաշատ քաղաքի ավտոկայանի մոտակայքում հանդիպել է Նաիրային եւ խնդրել  տաքսու վարորդին, որ իջնի մեքենայից ու իրենց մենակ թողնի, որ զրուցեն: Ավտոմեքենայի մեջ զրուցելու ժամանակ սկսել է համոզել կնոջ, որ Ռուսաստան չմեկնի ու գնա իր հետ, քանի որ սիրում է նրան, սակայն աղջիկը չի համաձայնվել` ասելով, որ թող մնա մեկ ուրիշ անգամ: Ինքը, հաշվի չառնելով նրա կարծիքը, տաքսու վարորդին պատվիրել է նստել ու վարել ավտոմեքենան դեպի Տավուշի մարզ: Նաիրայի  կողմից ոչ մի աղմուկ չի եղել, նա չի ըմբոստացել: Արտաշատից շարժվելուց մոտ 20 րոպե անց Նաիրան ասել է, որ իր անունը այլ է,  ցույց է տվել իր երեխաների նկարներն ու ասել, որ նա ամուսնացած է, ունի երեխաներ, սակայն երիտասարդը չի հավատացել` մտածելով, որ նկարում նրա եղբոր երեխաներն են: Զանգահարել է Նաիրայի եղբոր կնոջը, ով հաստատել է, որ Նաիրան ամուսնացած է: Աղջկա հայրը եւս հաստատել է: Վահեն համոզվելով, որ Նաիրան ամուսնացած է ասել է, որ եղանակային վատ պայմանների  պատճառով հաջորդ օրը նրան կվերադարձնի եւ այդպես էլ արել է:

Իսկ Նաիրան իր ցուցմունքում ասել է, որ 2 տարի առաջ ամուսնու հորեղբոր աղջիկը իր բջջային հեռախոսից զանգահարել է ինչ-որ բջջային հեռախոսահամարի, սակայն նշված համարից ոչ ոք չի պատասխանել: Դրանից մի քանի ժամ անց, նշված հեռախոսահամարից իր բջջային հեռախոսին զանգ է եկել, զանգահարողը հայտնել է, որ Վահեն է, որին ինքը մինչ այդ չի ճանաչել: Վերջինիս հետ հեռախոսազրույցի ընթացքում ծանոթացել է, որից հետո իրենց միջեւ շարունակվել են հաճախակի հեռախոսազրույցները, եւ շուրջ երկու տարի իրենք շփվել են միմյանց հետ, որի ընթացքում 4 անգամ Արտաշատ քաղաքում հանդիպել ու զրուցել են, սակայն ամաչելով չի հայտնել իր ամուսնացած լինելու մասին մինչեւ վերջին զարգացումները: Քննելով գործը Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Վահեին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում եւ մնացել է անփոփոխ:Իսկ սեպտեմբերի 10-ին վճիռը բողոքարկվել է Վճռաբեկ դատարանում:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ