Սեպտեմբերի 9-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններից մինչ օրս մարզկենտրոն Վանաձորը հեղեված է քաղաքապետի եւ ավագանու անդամների գովազդային պաստառներով, որոնց մեծ մասը այս ընթացքում պատառոտվել ու լցվել էին փողոցները: Այսքանի հետ միասին քաղաքում դեռեւս նկատվում են մայիսի 6-ի Աժ ընտրություններում առաջադրված կուսակցությունների ու թեկնածուների պաստառները, ու ինչպես միշտ էլ լինում, հաղթող կուսակցությունների ու թեկնածուների մեծ մասը կարճ ժամանակ անց վերացնում է պաստառները, պարտվածներն էլ թողնում են ինչպես որ կա:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, սեպտեմբերի 17-ին վանաձորցի 4 երիտասարդների ցանկությամբ ու ջանքերով քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ մաքրվել են պաստառներից: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակից Անահիտ Կարապետյանը նշեց, որ իրենց ցանկությունը մեկն է եղել՝ շրջել մաքուր Վանաձորում, ու քանի որ քաղաքապետարանն ու ՏԻՄ թեկնածուների մեծ մասը այդ ուղղությամբ ոչինչ չէին անում, իրենք են փորձել մաքրել, ինչը սակայն ոչ բոլորն են նորմալ ընդունել. «Գտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին անիծել մեզ, մի կին էլ բարկացած նշեց, թե ինչի ենք էդ սիրուն մարդկանց նկարները հանում…կարճ ասած վանաձորցիների մեծ մասը զարմացած նայում էին, մի մասն էլ մտածում էր, թե ինչի է քաղաքապետարանը 3 հոգի ուղարկել պաստառները պոկելու համար…»,-ասաց նա:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներին հաջողվել է մաքրել քաղաքի Տիգրան Մեծի պողոտան, նրանց փոխանցմամբ՝ միգուցե այս դեպքում թեկնածուներն իրենցից օրինակ վերցնեն ու մնացած մասն էլ իրենք վերացնեն: