News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Վեհափա՛ռ Տեր,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ պաշտոնաթող նախագահ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգարժա՛ն հյուրեր,

Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունն արդեն 21 տարեկան է: Այս ընթացքում մենք անցանք տարաբնույթ ճգնաժամերի ու փորձությունների միջով: Անցանք արժանապատվորեն: Երբեք չկորցրեցինք մարդկային ու քաղաքական դիմագիծը: Չկորցրեցինք մեր ուղենիշները եւ չդավաճանեցինք մեր նպատակներին, ընտրած ճանապարհին ու գաղափարներին:

Կորուստներով եւ սխալներով հանդերձ՝ մենք անցած տարիներին արձանագրել ենք եւ այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ: Հայաստանում տեղի են ունեցել անշրջելի գործընթացներ եւ՛ պետական, եւ՛ հասարակական հատվածներում, ինչպես նաեւ մարդկանց մտածողության ու հոգեբանության մեջ:

Անցած 21 տարիները ցույց տվեցին ոչ միայն հայոց պետականության կենսունակությունը, այլեւ բարդագույն իրավիճակներում խնդիրներ լուծելու նրա կարողությունը: Մեր երկրի համեստ ռեսուրսների եւ շրջափակման պայմաններում մենք կարողացանք տնտեսություն զարգացնել: Մենք կարողացանք զսպել Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակը: Կարողացանք ձեւավորել մեր երկրի ժողովրդավարական հաստատությունները, որոնք, իհարկե՛, դեռ ամրացման կարիք ունեն: Ե՛վ տնտեսության զարգացումը, եւ՛ անվտանգության ապահովումը, եւ՛ ժողովրդավարության խորացումը միանվագ գործողություններ չեն: Դրանք մեր բոլորի ամենօրյա աշխատանքն են, որ պահանջում են սրտացավություն եւ հետեւողականություն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց դարավոր երթը շարունակվում է պատմական նոր հանգրվանում: Այո, սա բարդ շրջափուլ է, բայց ե՞րբ է այն պարզ եղել մեզ համար: Դժվար է հիշել:

Ժամանակակից աշխարհում գրեթե չկա մի երկիր, որ չդիմակայի մարտահրավերների: Տարբեր տարածաշրջանների եւ երկրների համար բնականաբար դրանք տարբեր են: Մենք նույնպես հանձնում ենք մեր բաժին քննությունը: Անկախության տարիների փորձը, որ երբեմն դառն էր, երբեմն` հաճելի, ամեն դեպքում ուսանելի է: Հենց այդ փորձն է մեզ հուշում, որ խնդիրների լուծումները կան, եւ մենք դրանք գտնում ենք: Մենք արդեն գիտենք, որտեղ փնտրել այդ լուծումները, իսկ դա արդեն գործի կեսն է:

Մեր արտաքին քաղաքական թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Որքան էլ դժվար լինի, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված բանակցությունների շարունակության համար մենք պետք է ճանապարհներ փնտրենք: Եթե Մինսկի խմբի համանախագահների ջանքերը մինչեւ հիմա չեն պսակվել մեծ հաջողություններով, դրա պատասխանատուն համանախագահները չեն եւ, առավել եւս, ոչ էլ միջազգային այդ ձեւաչափը, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել մեր հարեւանները: Մեղավորը նրանք են, ովքեր պարբերաբար ռմբահարում են խաղաղ բանակցությունների ընթացքն ու տրամաբանությունը: Վերջին սադրանքն այն նույն նողկալի իրադարձություններն էին, որոնք հանգեցրեցին մարդասպանի արդարացմանն ու հերոսացմանը: Ե՛վ մենք, եւ՛ միջազգային հանրությունը ավելի քան հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ: Ընդունում եմ, որ շատ դժվար է այս պայմաններում մեր հասարակությանը տրամադրել հաշտեցման եւ նույնիսկ պատրաստել խաղաղության, բայց նաեւ գիտեմ, որ դա ճիշտ ճանապարհն է: Պատրաստվել խաղաղության՝ ամենեւին չի նշանակում պատրաստ չլինել պատերազմի եւ ինքնապաշտպանության: Ասվածը նշանակում է չպղտորել մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ, չզոմբիացնել երիտասարդներին, ովքեր կյանք ունեն ապրելու եւ երկիր ունեն շենացնելու: Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգեւոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժե: Գաղտագողի սպանությունը վախկոտների գործելակերպն է, իսկ մեր` ծնողներիս առաքելությունն է մեծացնել ազատ, գրագետ ու խիզախ զավակներ: Որքան էլ խրթին լինի պահը, մենք իրավունք չունենք դավաճանելու ինքներս մեզ:

Անցած տարիները, եթե փորձենք բնորոշել մեկ բառով, հավատարմության տարիներ էին: Հավատարմություն մեր ժողովրդի ընտրությանը, ազատությանն ու ժողովրդավարությանը, հավատարմություն մեր դաշնակիցներին եւ գործընկերներին, հավատարմություն մեր արժեհամակարգին ու նպատակներին, մեր գաղափարներին ու սկզբունքներին: Դրա շնորհիվ մենք շատ բանի ենք հասել եւ դեռ հասնելու ենք: Հասնելու ենք, որովհետեւ մենք ընտրել ենք քաղաքակիրթ ազգերի ընտանիքը եւ ոչ այլատյացության ճահիճը:Հասնելու ենք, որովհետեւ դրա համար ունենք բավականաչափ քաղաքական կամք, անցած ճանապարհ եւ մեր աշխատանքով ստեղծած համապատասխան նախադրյալներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մեծ տոն է մեր երկրում, մեծ տոն է նաեւ աշխարհի բոլոր հայերի համար: Այս տոնական օրը մեր բոլորի սրտերն ու աղոթքները Սիրիայի մեր հայրենակիցների հետ են, իսկ մեր պետությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է սատար լինել փորձության մեջ հայտնված հայորդիներին:

Մենք տարեցտարի եւ օր օրի կայացնում ենք որակապես նոր երկիր: Պատմության տարբեր ժամանակահատվածներում հայկական պետականություններ եղել են, եւ նրանցից յուրաքանչյուրն անկրկնելի էր՝ ունենալով զարգացման ուրույն ընթացք: 21-ամյա Հայաստանի Հանրապետությունն էլ անկրկնելի է: Մենք ընթանում ենք չտրորված ճանապարհով. գուցե ոչ այնքան արագ, որքան ցանկանում ենք, բայց գնում ենք հաստատ քայլերով եւ որ ամենակարեւորն է՝ ճիշտ ճանապարհով:

Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր քաղաքացիների եւ համայն հայության իղձերի մարմնավորումն է եւ բոլորիս երազանքների իրականացման գրավականը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ