News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվետվությունը ՀՊՄՀ-ում իրականացրած փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքների վերաբերյալ: 

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մանկավարժական համալսարանը, որը հաջողությամբ է իրականացնում իր բարեփոխումները, դառնա Հայաստանի առաջատար բուհերից  մեկը: Երկրում այսօր իրականացնում ենք բուհական կրթության բարելավման բարեփոխումներ եւ հասկանալի է, որ առաջին հատվածում պետք է լինեն ուսուցիչները: Դա նշանակում է, որ մանկավարժական համալսարանը պետք է կարողանա ամբողջ կրթական ոլորտին ապահովել բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնք կկարողանան արմատական փոփոխություններ իրականացնել մեր կրթական համակարգում: Համոզված եմ, որ մեր երկրի առաջընթացը պայմանավորված է լինելու նաեւ հենց այս բարեփոխումներով:

Եթե մենք կարողանանք մեր նպատակներին հասնել, ապա երկրում որակական նոր փոփոխություն կլինի՝ շնորհիվ այն ուսուցիչների, որոնց դուք եք պատրաստելու»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը հանձնարարել է իրականացնել բարեփոխումների փուլային եւ ժամանակացուցային թիրախավորում եւ  ժամանակ առ ժամանակ քննարկել դրանց կատարման ընթացքը:

Վարչապետի խոսքով՝ այսօր մանկավարժական համալսարանը հնարավորություն ունի համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, ստանալ տեխնիկական օժանդակություն, ուստի պետք է օգտագործի իր միջոցները՝ բարձր չափանիշների որակավորում ունեցող շրջանավարտներ պատրաստելու համար:

Նիստի ընթացքում բարձրացվել է մանկավարժական համալսարան երիտասարդ դասախոսների ներգրավելու անհրաժեշտության հարցը, որոնց թիվն այսօր սակավ է: Այդ կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նկատել է. «Փաստ է, որ երիտասարդ գիտնականների խրախուսման առաջնային ձեւերից մեկը ֆինանսականն է: Պարոն Միրզախանյան, ես Ձեզ անցած տարի հանձնարարեցի 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ինչը Դուք արեցիք: Սակայն կարծում եմ, որ այդ գումարի չափն էլ բավարար չէ: Հանձնարարում եմ Ձեզ մինչ այս տարվա ավարտը կրկին 40 տոկոսով բարձրացնել Ձեր դասախոսների աշխատավարձը: Մենք պետք է շարունակենք աշխատավարձերի բարձրացման գործընթացը, որպեսզի երիտասարդների մոտ ցանկություն առաջանա իրենց ապագան կապել հենց մանկավարժական համալսարանի հետ: Նրանք պետք է հասկանան, որ այստեղ որակի խիստ պահանջների հետ մեկտեղ առկա է նաեւ դրանց համադրելի վարձատրություն»:

Հանձնարարականի կապակցությամբ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն  Միրզախանյանը նշել է, որ մինչ տարեվերջ համալսարանի շուրջ 900 պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների աշխատավարձը կբարձրացվի եւս 40 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ