News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պետբյուջեի ծախսային մասի շուրջ իսկական մարտեր են մղվում քաղաքական ուժերի կողմից: Եկամտային մասը, բացի արտաքին վարկերից, գրեթե դուրս է մնում  հանրության տեսադաշտից: Սակայն հենց դրանից են կախված վերոնշյալ ծախսերը:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուները պետբյուջե էին վճարել  394,9 մլրդ դրամ, ինչը 42,1 մլրդ դրամով  (կամ 11,9%-ով) ավելի է նախորդ տրավա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս համապատկերում մնացած հարկ վճարողների ցուցանիշները շատ համեստ են թվում:

Այդ «մնացածները», ըստ էության, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, որոնք պետբյուջե են վճարել մոտ 122,1 մլրդ դրամ, ինչը զիջում է «խոշորների» ցուցանիշը 3,2 անգամ: Արդյունքում  «խոշորների» մասը  ընդհանուր հարկային եկամուտների մեջ աճել  է1,1 տոկոսային կետով` դիտարկվող շրաջանում հասնելով 76,4%-ի:

Դա կոնյունկտուրային փոփոխություն չէ. եթե դիտարկենք երկարաժամկետ հեռանկարում հարկերի կառուցվածքում տեղաշարժերը,  ապա կնկատվի «մնացած» հարկատուների մասի նվազման միտում:

Ինն ամսվա կտրվածքով  ընդհանուր հարկային եկամուտներում «մնացածների» տեսակարար կշիռը 2010թ. հասել է մինչեւ 25,3% նիշի,  հետո սկսել է հետեւողական կերպով նվազել` հաշվետու շրջանում կազմելով արդեն 23,6%: Պետք չէ այդ փաստն ընդունել  որպես «մնացածի» կողմից վճարված գումարի կրճատում: Ընդհակառակը, 2009-2012թթ. համար նրանց կողմից վճարված հարկերի բացարձակ աճը կազմել է մոտ  35,2 մլրդ դրամ:

Սակայն «խոշորների»  դեպքում այդ ցուցանիշն անհամեմատ բարձր է` մոտ 124,4 մլրդ դրամ: Այդ նույն տարիներին  նրանց կողմից պետբյուջե վճարվող հարկերի վճարման տեմպն աճել է  46,0%-ով, ինչը 5,5 տոկոսային կետով բարձր է «մնացածների» ցուցանիշից:

Գծապատկերից ակնհայտ է հարկերի գումարում հարկատուների երկու խմբի` «խոշորների» եւ «մնացածների» անհամամասնությունը: Սակայն պետք չէ համարել, որ այդ բոլոր 1000 «խոշորներն» իրականում խոշոր ընկերություններ են, իսկ ՓՄՁ-ներն ամբողջությամբ «մնացածների» մեջ  են մտնում:

Այդ 1000 «խոշոր հարկատուների»  միջեւ եւս հսկակական անհամամասնություններ կան: Այսպես, առաջին  500 առեւտրային ընկերությունները  հունվար-սեպտեմբերին ապահովել են  բոլոր հազարի կողմից վճարված գումարի  89,6%-ը: 

Եթե վերցնենք 1 մլրդ դրամի հարկային շեմը,  ապա 67-րդ  հորիզոնկանից  «միլարդատերները» տեղը զիջում են ավելի փոքր ընկերությունների:  Սակայն  ցուցակով հաջորդը համարվող ընկերության կողմից վճարված հարկի տարբերությունը չնչին է` ընդամենը 68 հազ. դրամ:

Այդ հազար «խոշորների» առաջին տասնյակը  հունվար-փետրվարին վճարել է 107,8 մլրդ դրամ (կամ արդյունքի 27,3%-ը),  իսկ ցուցակի վերջին տասնյակը` ընդամենը 0,5 մլրդ դրամ (0,1%):

Ինչպես վերեւում նշվեց, այս տարվա հունվար-սեպտեմբերին,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետբյուջե վճարված հարկերի բացարձակ աճը կազմել է  42,1 մլրդ դրամ: Այդ աճի կեսն ապահովել են  թվով 42 ընկերություններ: Միաժամանակ, անցած տարվա հունվար-փետրվարին  աճի կեսը բաժին էր ընկնում  47 ընկերության: Այսինքն, տարվա ընթացքում նրանց թիվը նվազել է:

Կյանքը ցույց է տալիս, որ խոշոր ընկերությունների վրա խաղադրույքը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ինչպես պետբյուջեի, այնպես էլ ընդհանուր առմամբ տնտեսության վրա: Հիշենք, թե ինչպես միջազգային շուկայում իրավիճակը հանգեցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկերի նվազմանը, որը մինչ այդ «խոշորների» անվիճելի առաջատարն էր:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ